Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում եւ ինտեգրված սահմանի կառավարման գործընթացներում առաջընթաց է գրանցվել: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի զարգացման եւ համագործակցության-եվրոպական օգնության գլխավոր տնօրինության ղեկավար Անդրեա Ֆոնտանան` ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպման ժամանակ:
ԱԱԽ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա նաեւ ընդգծել է Հայաստանի մի շարք պետական կառույցներում ներգրավված ԵՄԽԽ խորհրդատուների գործունեության կարեւորությունը: Պարոն Ֆոնտանան տեղեկացրել է, որ ընթացքի մեջ է Ազգային ինդիկատիվ ծրագրի շրջանակներում ԵՄ-ի կողմից հաջորդ երկու տարվա համար Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օժանդակության տրամադրման գործընթացը, որն առավելապես իրականացվում է ՀՀ պետական գերատեսչությունների առաջարկությունների հիման վրա եւ առաջնահերթության կարգով` ըստ ԵՄ օժանդակության անհրաժեշտությունն ունեցող ոլորտների:
Որպես եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ` ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն արդյունավետ է գնահատել ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման ներկայիս ընթացքը: Նա նշել է, որ ավարտին է մոտենում Եվրոպական հարեւանության քաղաքականության Հայաստան-ԵՄ 197 կետից բաղկացած 2009-2011թթ. գործողությունների ծրագիրը, եւ արդեն մշակման փուլում է նոր` 2012-2014թթ. ծրագիրը: Այս համապարփակ փաստաթուղթը պետք է բխի Հայաստանում Արեւելյան գործընկերության շրջանակներում իրականացվող բարեփոխումների խթանման ռազմավարությունից եւ իր մեջ ներառելու է ԵՄ խորհրդատուների եւ փորձագետների, ինչպես նաեւ ՀՀ պետական գերատեսչությունների առաջարկները:




























