Հայաստանի ամերիկյան համալսարանում, սեպտեմբերի 26-ին, կմեկնարկի «Կովկասի ֆաունայի կենսաբազմազանությունը եւ նրա պահպանության խնդիրները» միջազգային գիտաժողովը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:
Գիտաժողովի ընթացքում հայ եւ օտարերկրյա մասնագետները հանդես կգան 50-ից ավելի գիտական զեկույցներով: Կքննարկվեն Կովկասի տարածաշրջանի ֆաունայի ուսումնասիրության եւ պահպանության վերաբերյալ բազմաթիվ հարցեր` այդ թվում կենդանական աշխարհի բազմազանության, էկոլոգիայի, կարգաբանության, գենետիկայի, ֆիլոգենետիկ զարգացման, մակաբուծաբանության, ֆիզիոլոգիայի, հյուսվածաբանության, բնապահպանության եւ այլն:
Գիտաժողովը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 29-ը:
Նշենք, որ գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի Հակոբյանի անվան միջավայրի կենտրոնը:




























