Երեւանի պետական համալսարանում այժմ ընթանում է պարտքերի մարման շրջանը, որը կամփոփվի սեպտեմբերի 26-27-ին, իսկ սեպտեմբերի 28-ին տեղի կունենա ռեկտորատի նիստ, որտեղ կքննարկվի եւ կորոշվի, թե որ ուսանողները կհեռացվեն համալսարանից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը` անդրադառնալով «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության տարածած հաղորդագրության, որտեղ նշվում էր «Մայր բուհում առկա կոռումպացված քննական համակարգի մասին»:

Նշենք, որ նախաձեռնությունը հայտնել էր, որ իրենց էլեկտրոնային փոստին ահազանգ  է ստացվել ԵՊՀ-ից դուրս մնալու վտանգի տակ գտնվող մի խումբ ուսանողներից` Մայր բուհում առկա կոռումպացված քննական համակարգի մասին: «Չենք լռելու»-ի խորհրդի անդամները հանդիպել էին 12 ահազանգողների հետ, ովքեր խնդրել են նկարահանել ԵՊՀ-ում տիրող բարքերի մասին իրենց պատմությունները, տեսաֆիլմ պատրաստել եւ տեղադրել այն YouTube-ում:

«Մասնավորապես, ուսանողները հայտնել են, որ ավարտվում է քննական լուծարքային շրջանը, որի ընթացքում, նրանց խոսքով, կոռուպցիոն ռիսկերն «աճում են երկրաչափական պրոգրեսիայով»: Ուսանողները ընդգծել են հատկապես բանավոր քննությունների ժամանակ դրսեւորվող ԵՊՀ մի շարք դասախոսների կամայականությունների փաստը: Երիտասարդները, որոնք, իրենց հավաստմամբ, այդ կամայականությունների եւ դասախոսին կաշառք չտալու սկզբունքայնության պատճառով հայտնվել են ԵՊՀ-ից հեռացման վտանգի տակ, նշել են, որ այսօր կայանալիք ռեկտորատի նիստում պետք է որոշվի` կթույլատրվի՞ իրենց քննություններ հանձնելու եւս մեկ փորձ ունենալ, թե` ոչ (ուսանողության շրջանում այդ տարբերակը կոչվում է ռեկտորի գիծ): Նրանց պահանջն է արդար բանավոր քննությունների անցկացման ապահովումը` հանձնաժողովների ներկայությամբ»,- նշված էր հաղորդագրության մեջ` հավելելով, որ ուսանողները որոշել են հետաձգել YouTube-ի օգնությանը դիմելու մտադրությունը` սպասելով ռեկտորատի որոշմանը եւ քննությունների անցկացման որակի հարցում փոփոխություններին:

Այս առնչությամբ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ համալսարանից հեռացվելու  կարգը քայլ առ քայլ սահմանված է օրենքով` «մեկ առարկայից երեք անգամ անբավարար, ինչպես նաեւ երեք անբավարար ունեցողները» հեռացվում են բուհից:

«Դրանք գործից անտեղյակ, անբան մարդիկ են, որոնք մեծ պարտքեր ունեն, վախենում են` հեռացվեն, դրա համար էլ դիմում են այսպիսի անազնիվ միջոցների: Անապացույց պոռոտախոսությամբ են զբաղվում, կաշառակերության մասին են խոսում, որովհետեւ դա մոդայիկ է, անմիջապես ուշադրություն է գրավում, մարդիկ դիմում են նման միջոցների, որեւէ զարմանալի բան այդտեղ չկա, ուզում են, որ իրենք չհեռացվեն, իսկ անբան ուսանողներ պահելու որեւէ ցանկություն մենք չունենք»,- նշեց ռեկտորը` հավելելով,  որ չգիտի, թե ովքեր են բողոքողները, բայց «դրանք` որպես կանոն, ուսանողներ են, ովքեր ոչ միայն իրենց քննությունները չեն կարողացել հանձնել, այլեւ լուծարքները»:

Նրա խոսքով` առայժմ չեն կարող ասել, թե քանի հոգի կհեռացվի համալսարանից, պարտքեր ունեցող ուսանողները մոտ մի քանի հարյուր են, իսկ պարտքերի մարումից հետո կմնա մոտ 200: Ռեկտորը նշեց, որ ամեն կիսամյակ մի քանի տասնյակ ուսանող է դուրս մնում համալսարանից, իսկ երբեմն`հարյուրը անցնում է: Ինչ վերաբերում է ֆիլմ նկարելուն` պետական համալսարանում տիրող «կոռուպցիայի» մասին, ապա ռեկտորի խոսքով, «դրանք հիմարություններ են, դեռ նախորդ տարվանից սկսվել է բաց քննությունների պրոցես իրականացնել»: