2022 թվականին Իտալիայում ծնելիությունը հասել է նոր պատմական նվազագույնի՝ 400,000- ից ցածր, ուրբաթ օրը հայտնել է ISTAT ազգային վիճակագրական բյուրոն, հայտնում է Reuters-ը։
Իտալիայում երեխաների պակասը համարվում է արտակարգ իրավիճակ, եւ այս խնդրի լուծումը դարձել է Ջորջիա Մելոնիի գլխավոր քաղաքական խոստումներից մեկը նախորդ տարվա ընտրություններից առաջ, որի արդյունքում նա դարձել է երկրի առաջին կին վարչապետը:
Անցյալ տարի Իտալիայում յուրաքանչյուր յոթ ծնունդի դիմաց գրանցվել է ավելի քան 12 մահ, իսկ մշտական բնակչության թիվը նվազել է 179,000-ով՝ հասնելով 58,85 միլիոնի, ասվում է ISTAT-ի տարեկան ժողովրդագրական զեկույցում:
Բնակչության անկումը փոքր-ինչ դանդաղել է՝ համեմատած 2021 եւ 2020 թվականների հետ, երբ COVID-19 համավարակը մեծ ազդեցություն ունեցավ:
2022 թվականին Իտալիայում գրանցվել է 392,600 ծնունդ՝ նախորդ տարվա 400,249-ի դիմաց, հայտնում է ISTAT-ը, ինչը 14-րդ անընդմեջ անկումն է եւ ամենացածրը 1861 թվականին երկրի միավորումից ի վեր։
«Հիմնական գործոնը 15-49 տարիքային խմբում կանանց բնակչության կրճատումն ու ծերացումն է, որն ավանդաբար համարվում է վերարտադրողական»,-ասվում է ինստիտուտի գրառման մեջ:
Ծնելիության մակարդակը նվազել է մինչեւ 1,24 երեխա մեկ կնոջ համար՝ 2021 թվականի 1,25-ից, գրանցվել է անկում կենտրոնական եւ հյուսիսային շրջաններում, իսկ հարավում՝ աննշան աճ:
Այս միտումը մասամբ փոխհատուցվել է ներգաղթի միջոցով. անցյալ տարի ներգաղթյալների թիվը գերազանցել է արտագաղթողների թիվը 229,000-ով՝ 2021 թվականի 160,000 զուտ ներհոսքի համեմատ: 2022 թվականին օտարերկրացիները կազմել են երկրի բնակչության 8,6 տոկոսը՝ ընդհանուր առմամբ 5,05 միլիոն մարդ:
Իտալիայի ընդհանուր բնակչությունը 2014 թվականից ի վեր անշեղորեն անկում է ապրում։ Այդ ժամանակից ի վեր ընդհանուր անկումը կազմել է ավելի քան 1,36 միլիոն մարդ, ինչը համարժեք է Միլանի՝ երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի բնակիչներին:




























