Աֆղանստանցի կրոնական գիտնականները շաբաթ օրը քննադատել են աղջիկների ոսուցման արգելքը, իսկ «Թալիբան» շարժման կարեւոր նախարարը զգուշացրել է հոգեւորականներին չընդվզել կառավարության դեմ այդ վիճելի հարցում, տեղեկացրել է The Associated Press-ը։
Աֆղանստանում աղջիկները չեն կարող դպրոց հաճախել վեցերորդ դասարանից հետո, կրթության արգելքը տարածվում է նաեւ համալսարանների վրա։ Կանանց արգելվել է հաճախել հանրային վայրեր, ներառյալ այգիները, նրանք նաեւ իրավունք չունեն զբաղվել բազմաթիվ գործերով։ Անած շաբաթ աֆղանստանցի կանանց արգելել են աշխատել ՄԱԿ-ում, չնայած թալիբները այդ կապակցությամբ հրապարակային հայտարարություն դեռ չեն արել։
Իշխանությունները սահմանափակումներ են մտցրել կրթության ոլորտում, որոնք ավելի շուտ ժամանակավոր դադարեցումներ են, այլ ոչ թե արգելքներ, բայց համալսարանները եւ դպրոցները մարտին նորից բացվել են առանց աղջիկ մասնակիցների։
Արգելքները բուռն միջազգային աղմուկ են բարձրացրել՝ ուժեղացնելով երկրի մեկուսացումն այն ժամանակ, երբ նրա տնտեսությունը քայքայվում է եւ խորացել է հումանիտար ճգնաժամը։
Աֆղանստանում հայտնի երկու կրոնագետներ շաբաթ հայտարարել են, որ իշխանությունները պետք է վերանայեն իրենց որոշումը։
Գիտնականներից մեկը՝ Աբդուլ Ռահման Աբիդը, հայտարարել է, որ ուսումնական հաստատություններին պետք է թույլատրվի նորից ընդունել աղջիկներին եւ կանանց առանձին դասարաններում, վարձել կին ուսուցիչների, փոխել դասացուցակները եւ անգամ նոր շինություններ կառուցել։
Իսլամում գիտելիքները պարտադիր են տղամարդկանց եւ կանանց համար, ասել է նա Associated Press-ի հարցազրույցում, եւ իսլամը կանանց թույլ է տալիս սովորել։
Մյուս գիտնականը, որը «Թալիբան» շարժման անդամ է, AP-ին ասել է, որ նախարարությունները դեռ ժամանակ ունեն լուծելու աղջիկների կրթության հարցը։ Թորիալի Հիմաթը օրինակ է բերել այն նախարարությունները, որոնք մտնում են գերագույն առաջնորդ Հիբաթուլա Ախունդզադեի մերձավոր շրջապատի մեջ, որի կենտրոնակայանը գտնվում է Ղանդահարում։
Նրա հրամանով է կառավարությունն արգելել աղջիկներին դպրոցներ հաճախել։ Հիմաթն ասել է, որ կա քննադատության երկու տեսակ, մեկը քայքայում է համակարգը, մյուսը ճշտումներ է մտցնում։




























