Երկար տարիներ շարունակ Եվրամիությունը (ԵՄ) համոզում էր Թուրքիային բացել Հայաստանի հետ սահմանը։ Այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ նա ողջունում է հոկտեմբերի 10-ին ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ արձանագրությունները,- գրում է թուրքական «Զաման» թերթը։
Ըստ պարբերականի, "դա կարող է որպես առաջին քայլ ընկալվել առավել հատկանշական ձեռքբերումների ճանապարհին։ Եվ բավական ցավալի կլինի, եթե երկամյա ջանքերն ապարդյուն անցնեն։ Հայաստանն ու Թուրքիան մեծ ճնշման տակ կլինեն, որպեսզի որքան հնարավոր է արագ վավերացնեն փաստաթղթերը։ Չնայած այն բանին, որ երկու երկրների համար դա կապված է մեծ խնդիրների հետ։ Անկարայի մտադրությունները հավանության են արժանացել միջազգային հանրության կողմից, սակայն Ադրբեջանն իր դժգոհությունն է հայտնում, իսկ թուրքական վերնախավն անընդհատ խոստանում է Բաքվին, որ չի կատարի Բաքվի շահերին հակասող քայլեր։ Այն դեպքում, երբ իրադարձությունների նման զարգացման պարագայում «աուտսայդերները» կարող են ակնհայտ կարճաժամկետ, միջնա- եւ երկարաժամկետ պլյուսներ տեսնել տարածաշրջանի համար, Ադրբեջանի դեպքում բանն այլ է։ Մարդկանց հասկանալի չէ, երբ «ադրբեջանական տարածքների» 17 տոկոսը «զավթած» երկրի նախագահը նստում է միեւնույն սեղանի շուրջ, խոսում եւ ծիծաղում է այն պետության ղեկավարի հետ, որը համարվում է իրենց բարեկամը։
Սակայն միեւնույն ժամանակ, մի՞թե լավագույն ընկերը կարող է թույլ տալ իրեն բարձրացնել գազի ու նավթի սակագները։ Թուրքիան հայտնվել է դժվար իրավիճակում՝ խոստանալով Բաքվին հետագա քայլեր չկատարել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, եթե վերջինս, իր հերթին, չազատի Լեռնային Ղարաբաղի շրջակա «գրավյալ» տարածքները։ Առաջընթաց կարող է համարվել հենց այդ տարածքներից հայկական զորքերի դուրս բերումը, սակայն այն կարող է լինել բոլորովին այլ եւ շատ ավելի փոքր բան։ Դեռ ավելին, Արեւմուտքը հավանություն չի տալիս Ադրբեջանի դիրքորոշմանը։ Ընդհակառակը, շատերի կարծիքով, Անկարան մեծ սխալ կգործի՝ դադարեցնելով կարգավորման գործընթացը Ադրբեջանի մտահոգվածության պատճառով։ Իսկ ԵՄ-ում կարծում են, որ սահմանների բացումը կարող է արագացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ համաձայնության ձեռքբերման գործընթացը։ ԵՄ-ը միշտ էլ Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ հավասարակշռված քաղաքականության կողմնակից է եղել, չէ որ երկու երկրներն էլ Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) եւ «Արեւելյան գործընկերության» նախագծի («Արեւելյան գործընկերության» նոր նախագիծը արտացոլում է ԵՄ-ի եւ նրա արեւելյան հարեւանների՝ Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի, փոխադարձ շահերը – NEWS.am) մաս են կազմում։ Սակայն ԵՄ-ը ԵՀՔ շրջանակներում երբեք ուղղակիորեն չի խնդրում Երեւանից հարգել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Բաքվի աստվածապետական նկարագրի պատճառով Ադրբեջանը չի համարվում ԵՄ-ի սիրելին՝ չնայած ածխաջրածնային հումքի պաշարների հետեւանքով աշխարհաքաղաքական նրա աճող նշանակությանը։ Ադրբեջանը սկզբունքային գործընկեր է ԵՄ-ի համար, չէ որ Կասպիցի նավթը կարող է վերջ դնել Ռուսաստանի գերակայությանը եվրոպական էներգաշուկայում։ ԵՄ դիրքորոշման պատճառներից մեկը կարող է հանդիսանալ ղարաբաղյան խնդրի նկատմամբ Բաքվի կոշտ մոտեցումը՝ Ալիեւը հրաժարվում է համաձայնել բանակցային գործընթացին ԼՂՀ կառավարության մասնակցությանը։ Բացի այդ, ԵՄ-ին առանձնահատուկ հաճույք չի պատճառում նաեւ Բաքվի ռազմական հռետորությունը։ Սակայն, նույնիսկ չնայած այն բանին, որ սպառնալիքի տակ կարող է դրվել կասպիական նավթի օգտագործումը, Ադրբեջանը չի ստացել միջազգային հանրության համակրանքը։ Անկարայից վիրավորված լինելու պատճառով Ադրբեջանն ասում է, որ կարող է հրաժարվել Թուրքիայի տարածքով անցնող գազային նախագծերից եւ հայացքն ուղղել այլ ուղիների վրա, սակայն դա շատ թանկ է եւ նենգաբար։ Այդ պատճառով, հույս կա, որ Թուրքիայի հետ «զկռտոցը» ժամանակավոր բնույթ է կրում, եւ մենք կրկին միասին կլինենք։ Եվ դրա լավագույն նախադրյալը կլինի այն, որ Բաքուն չի փորձի բարձրացնել առեւտրական գործարքների գները եւ արժանի առաջարկություն կանի Թուրքիային։ Դա էլ հենց իսկապես եղբայրական քայլ կլինի։




























