Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, սեպտեմբերի 27-ին, կմեկնարկի «Վարչական շրջանի երկրաէկոլոգիական մոնիթորինգ եւ ռիսկ» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը, որին կմասնակցի 17 երկրի 56 գիտնական։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ գիտաժողովի կազմակերպիչներն են «ՀԱՊԿ ինստիտուտը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ) եւ Գեղարքունիքի մարզպետարանը։Գիտաժողովի թեման հատկապես կարեւոր է Հայաստանի համար, քանի որ մեր երկրում առկա են մի շարք բնապահպանական խնդիրներ։ Բնապահպանական մոնիթորինգի եւ ռիսկի խնդիրների կիրարկումը մեծ դեր կունենա հանրապետության տնտեսության, գյուղատնտեսության ոլորտներում, ինչպես նաեւ բնական միջավայրի, մասնավորապես Սեւանի ջրային ավազանի պահպանման հարցում։ Եռօրյա գիտաժողովի ընթացքում կքննարկվեն մի շարք թեմաներ, այդ թվում՝ Սեւանի ջրային ավազանի ներկա վիճակը, մարդածին ազդեցության հետեւանքով ջրային ռեսուրսների էկոհամակարգի փոփոխությունները, քիմիական-տեխնոլոգիական օբյեկտների ռիսկերի գնահատման մոդելները, խոշոր վթարների դեպքում լճերի եւ ջրամբարների ռադիոակտիվ աղտոտման կանխարգելումները եւ այլ հարցեր։
Գիտաժողովի ընթացքում շեշտադրվող թեմաներից են երկրաբանական միջավայրի վրա բիզնես գործունեության հետեւանքներն ու վտանգները։ Գիտաժողովի ընթացքում հայ եւ օտարերկրյա մասնագետները հանդես կգան 50-ից ավելի գիտական զեկույցներով: Հնչած լավագույն զեկուցումները հրատարակվելու են ԱՄՆ քիմիական տեխնոլոգիաների եւ ռումինական շրջակա միջավայրի պահպանության ամսագրերում, ինչպես նաեւ՝ Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի լրաբերում։ Գիտաժողովի շրջանակներում մասնակիցները կայցելեն Սեւանա լիճ եւ Արարատյան դաշտավայր՝ աղուտ հողեր։




























