Համաշխարհային առեւտրում փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների օգտին դոլարի օգտագործումից հրաժարվելու միտումն անշրջելի է։ Այս մասին Ուզբեկստան կատարած այցի արդյունքներով ասուլիսում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Դոլարից հիմա փախուստ է սկսվում, այն դեռ շատ արագ չէ, բայց հավանաբար կարագանա»,-ասել է նա։ Նրա խոսքով՝ այդ միտումն անշրջելի է։ Ամերիկացիներն արդեն լրջորեն կտրել են այն ճյուղը, որի վրա նստել են՝ ղեկավարելով միջազգային ֆինանսները եւ, ընդհանուր առմամբ, համաշխարհային տնտեսությունը՝ օգտագործելով դոլարի գերիշխող դերը, նշել է Լավրովը։

Նա հայտնել է, որ ներկայումս պատրաստվում են «ԱՊՀ երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման վերաբերյալ լրացուցիչ որոշումներ», որոնք հունիսի 8-ին Սոչիում կներկայացվեն կառավարությունների ղեկավարների խորհրդին: «Դրանց թվում են ազատ առեւտրի եւ ծառայությունների մասին համաձայնագրի ստորագրման մասին պայմանավորվածությունները, ինչը շատ կարեւոր ազդակ կհաղորդի տնտեսական ոլորտում մեր փոխգործակցությանը, եւ մի շարք նախագծեր, որոնք նվիրված են մեր ընդհանուր տեխնոլոգիական անկախության բարձրացմանը՝ անկախ այն անօրինականությունից, որը ստեղծում է Արեւմուտքը, այդ թվում՝ համաշխարհային ֆինանսների ոլորտում»,-հայտնել է նա։

 Նախարարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, թե «ամերիկյան ղեկավարությունն ու նրա արբանյակները որքանով են ոչ ադեկվատ եւ կոպտորեն չարաշահում համաշխարհային տնտեսության մեջ իրենց դիրքը»՝ փորձելով այլ երկրների, այդ թվում՝ ԱՊՀ երկրներին, հետեւել պետությունների, մասնավորապես, Ռուսաստանի դեմ միակողմանի կամ անօրինական պատժամիջոցներին։ «Արեւմտյան ներկայացուցիչների լկտիությունը, որոնք պատասխանատու են պատժամիջոցների խնդրի համար, անցնում է բոլոր սահմանները եւ ընկալվում է որպես այնպիսի երկրների ինքնուրույնության, անկախության նկատմամբ հարգանքի լիակատար բացակայություն, որոնք ենթարկվում են նման ճնշումների, նման սպառնալիքների»,-արձանագրել է նա։