«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը, սեպտեմբերի 25-ին, ինտերնետի միջոցով հանդիպում է կազմակերպել Լոս-Անջելեսի հայ համայնքի հետ: Ինտերնետային ուղիղ եթերը տեւել է 2,5 ժամ, Երեւանի ժամանակով 7.30-ից մինչեւ ժամը 10.00-ը: Միջոցառմանը Երեւանից մասնակցել են Ալեք Ենիգոմշյանը, Ժիրայր Սեֆիլյանն ու Տիգրան Խզմալյանը, Մոսկվայից՝ Գարեգին Չուգասզյանը իսկ Գլենդեյլի  կենտրոնական գրադարանում հավաքվել են շուրջ 60 քաղաքացիներ եւ հասարակական գործիչներ։

«Սարդարապատի» ներկայացուցիչներին հարցեր են ուղղել անկախության քսանամյակի լույսի ներքո Հայաստանի եւ Սփյուռքի քաղաքական, տնտեսական, հասարակական, բարոյահոգեբանական իրավիճակի վերաբերյալ: Նշվել է նման ձեռնարկի աննախադեպ բնույթն ու դրա դրական ազդեցությունը, նոր տեխնոլոգիաների միջոցով ժողովրդավարական գործընթացների, ազգային կյանքի եւ քաղաքական  դաշտում Սփյուռքի ներգրավման կարեւորությունն ու նոր հնարավորությունները: «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի մասնակիցները ընդգծել են իշխող բռնապետական վարչախմբի տապալման համար համազգային դիմադրական ճակատի ստեղծման անհրաժեշտությունը: