Թուրքիայի գործող նախագահ Թայիփ Էրդողանի՝ նախարարներին պատգամավոր առաջադրելու մարտավարությունն ուղղված է այն բանին, որ կառավարող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը (AK Parti) մայիսի 14-ի ընտրություններին լինի ուժեղ, իսկ հանրապետության ղեկավարը դրանով իսկ ուժեղացնի իր ընտրարշավը, երեքշաբթի գրել է Hürriyet թերթը։

«Էրդողանը բոլոր նախարարներին պատգամավորների թեկնածուներ է առաջադրել։ Այս ռիսկային որոշումն ինձ շատ տարօրինակ թվաց, երբ առաջին անգամ լսեցի այդ մասին։ Ես այնքան էլ չհասկացա, թե ինչ են ուզում անել։ Չկարողացա հասկանալ, թե ինչ քաղաքական մարտավաություն է կանգնած այդ մոտեցման հետեւում։ «Եվ ի՞նչ։ Եթե ընտրություններում հաղթեն, այդ նախարարները պետք չե՞ն գա», հարցրի ինքս ինձ։ «Ինչի՞ է ուզում հասնել Էրդողանը»։ Եվ այսօր ես տեսնում եմ, որ Էրդողանի որոշումը նրա կուսակցության ճիշտ մարտավարությունն է, որպեսզի ուժեղ լինի ընտրություններում։ Էրդողանն այդ որոշումն ընդունել է, որպեսզի ուժեղացնի ընտարշավը»,- գրել է թերթի սյունակագիր Ահմեթ Հաքանը։

Թուրքիայում համընդհանուր ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունները ավելի վաղ Բարձրագույն ընտրական հանձնաժողով (ԲԸՀ) էին ներկայացրել թեկնածուների ցուցակները։ Մինչ այդ Hürriyet թերթը տեղեկացրել էր, որ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցուցում է տվել կառավարող կուսակցությանը, որի առաջնորդն է ինքը, կառավարության բոլոր անդամներին առաջադրել պատգամավորի թեկնածուներ։ Հանրապետության ղեկավարը  նոր ժամկետում ընտրվելու դեպքում կներկայացնի լիովին թարմացված կառավարություն։ Կառավարող կուսակցության ցուցակի համաձայն՝ Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն առաջադրվելու է Ստամբուլից, փոխնախագահ Ֆուաթ Օքթայը՝ Անկարայից, ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չավուշօղլուն՝ Անթալիայից, ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ Կայսերիից, էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը՝ Էսքիշեհիրից։