Ոսկերչության համաշխարհային շուկայում նոր կառուցվածքային տեղաշարժեր են սպասվում: Հայ ոսկերիչներից ստացված տեղեկատվության համաձայն` ոսկերիչների մի մասը պատրաստվում է Չինաստանից դուրս գալ` կոռուպցիայի, կադրերի պակասի, օրենսդրության խրթինության պատճառով:

Ըստ Հովել Շնորհոքյանի, ով ֆրանսիական Moog եւ շվեյցարական Tellus ընկերությունների սեփականատերն է, կա այդ արտահոսքի մի քանի հավանական ուղղություն, որոնցից մեկն էլ Հայաստանն է: Հիմնական մրցակիցն այս առումով Հնդկաստանն է, որտեղ օտարերկրյա կապիտալի համար բավական նպաստավոր պայմաններ են ստեղծված:

Հ. Շնորհոքյանի տեղեկացմամբ` Չինաստանում ներկայումս ոսկերիչների աշխատավարձերը մոտավորապես նույն մակարդակի վրա են, ինչ Հայաստանում, ուստի այս տեսանկյունից Չինաստանը ոչ մի մրցակցային առավելություն չունի: Սակայն Չինաստանը շարունակում է ազատ տնտեսական գոտիներ տրամադրել, այնինչ Հայաստանում ազատ տնտեսական գոտիների ստեղծման գործընթացը դեռ նոր է սկսվել: Տարօրինակ է` սակայն այս ամենաեկամտաբեր ոլորտի ներկայացուցիչները ոչ մի կերպ չեն ցանկանում հարկեր վճարել, ու հենց սրանով էլ պատճառաբանում են, թե ինչու երկար տարիներ չեն ցանկացել Հայաստանում գործ հիմնել:

Ինչեւէ` Հայաստանում կարծես թե լրջորեն հուսադրված են ոսկերչության վերածնունդով, թեեւ այս ոլորտը միշտ էլ աչքի է ընկել իր ստվերայնությամբ ու հանդիսացել է հայկական կրիմինալի ամենայուղոտ պատառներից մեկը:

2010 թ. ոսկերչական ճյուղը Հայաստանում թողարկել է 9.6 մլրդ դրամի (մոտ 26 մլն դոլարի) արտադրանք, որը մշակող արդյունաբերության նույնիսկ 2 տոկոսից էլ պակաս է: Դրա փոխարեն` սնկի նման աճում են ոսկու տոնավաճառները (կամ տոնավաճառների ոսկու սրահները), սակայն դրանցում մեծ կշիռ են կազմում խորհրդային շրջանի արտադրության ոսկերչական իրերը: 2011 թ. ոսկերչությունը մեր երկրում կարծես թե առաջընթաց է ապրում: Օրինակ` հուլիսին նախորդ տարվա հուլիսի նկատմամբ առկա է 2.7 անգամյա աճ: Այնուամենայնիվ` Հայաստանում ոսկերչության զարգացման պոտենցիալը շատ ավելին է:

Հայկական ոսկերչության հիմնական մրցակցային առավելություններից մեկը բարձրորակ կադրերն են, այդ ոլորտում առկա դարավոր ավանդույթները: Այնպես է ստացվել, որ մեր ոսկերիչներից շատերը, գաղթելով ԱՄՆ եւ Ռուսաստան, այդպես էլ չկարողացան այդ երկրներում իրենց արհեստը զարգացնելու շանս գտնել: Չինական էժան ոսկերչական արտադրանքը ուղղակի ոչնչացրեց ամերիկյան շուկան, ու հիմա հայ ոսկերիչները Նյու Յորքում պիցցա ծախելով կամ տաքսի վարելով են հանապազորյա հաց վաստակում: Նրանցից շատերը հիմա էլ պատրաստ են վերադառնալ հայրենիք` եթե միայն իրենց մասնագիտությամբ աշխատելու հնարավորություն ունենան:

Հայկական ոսկերչության զարգացման համար լուրջ խոչընդոտ կարելի է համարել ոսկու արտադրության բացակայությունը: Թեեւ Հայաստանը ոսկու մեծ պաշարներ ունի, ոսկու վերջնական արտադրություն չկա, այդ պատճառով մեր ոսկերիչները օգտագործում են ներմուծված ոսկի: Սա էլ հանգեցնում է նրան, որ նրանք մեծ կախվածություն ունեն փոխարժեքից ու Լոնդոնի բորսայի գնային տատանումներից: Օրինակ` արժեզրկվող դրամը ուղղակի հարվածում է ոսկերիչների շահերին, թեեւ որպես տեղական արտադրություն` նրանք պետք է ավելի շահեկան վիճակում լինեին:

Նշենք, որ 2010 թ. Հայաստանը ներմուծել է մոտ 1.5 տոննա ոսկի (60 մլն դոլար մաքսային արժեքով), եւ մոտ 2 տոննա ոսկերչական իրեր (2.6 մլն դոլար մաքսային արժեքով): Ոսկերչական իրերի նման ցածր մաքսային արժեքը (ներմուծված ոսկերչական իրերի 1 գրամի մաքսային արժեքը 1.3 դոլար է) եւս մեկ վկայություն է այն բանի, թե որքան ստվերային է այս ոլորտը: 2011 թ. առաջին կիսամյակում արդեն իսկ ներմուծվել է մոտ 600 կգ ոսկի` 27 մլն դոլար մաքսային արժեքով: 

2010 թ. Հայաստանն արտահանել է մոտ 500 կգ ոսկերչական իրեր` 4 անգամ ավելի քիչ, քան ներմուծել է: Ստացվում է, որ միայն տեղական շուկայում ընդլայնվելու շնորհիվ հայկական ոսկերչությունը մի քանիանգամյա աճ կարող է արձանագրել:

Այսպիսով` հայկական ոսկերչությունը վերջին տարիներին, եթե հավատանք վիճակագրությանը, ոչ միայն արտաքին շուկաներն է կորցնում, այլեւ ներքին շուկան: Սակայն միայն օբյեկտիվ գործոններով դա բացատրել հնարավոր չէ: Ոսկերչությունն այսօր կենտրոնանում է հիմնականում փոքր արտադրամասերում, որոնք լուրջ մարկետինգային քաղաքականություն վարելու ընդունակ չեն: Իսկ առանց լուրջ մարկետինգային քաղաքականության, առանց հայկական բրենդի նկատմամբ վստահության ստեղծման` արտաքին շուկաներում մրցակցությանը դիմանալը բավական դժվար է: Սփյուռքահայերի ներդրումներն այս տեսանյունից, թերեւս, առջիկայում որոշ չափով կփոխեն իրավիճակը:

 

Սամվել Ավագյան