Իշխանությունների անգործության և անհեռատեսության հետևանքով, երբ երկրի առնվազն 150 քառակուսի կիլոմետր գտնվում է թշնամու օկուպացիայի ներքո, և շարունակում են անհեթեթ հանգամանքներում զոհվել հայորդիներ, օրվա իշխանությունները զբաղված են իրենց գահավիժող վարկանիշը փրկելու փորձերով, սակայն ո՛չ կակաչները, ո՛չ սակուրաները այլևս չեն օգնելու։ Այս մասին «Ապրելու երկիր» կուսակցության համագումարի ժամանակ հայտարարեց կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։
«Թքած ունենալու նուրբ արվեստը որպես արժեհամակարգ կրող և թքելը քաղաքական հպարտության առարկա ներմուծողները պետք է հասկանան, որ խայտառակում են մեր պետությունը և մեզ Հույս չունեմ, որ կհասկանան, իմ հույսն իրենք չեն, իմ հույսը մեր ժողովուրդն է, ով իշխանազրկելու է թքողներին մի կողմից, մյուս կողմից քաղաքական ապտակ է հասցնելու նրանց Երևանում»,- ասաց նա։
Թանդիլյանն առաջարկեց Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները վերածել իշխանության անվստահության հանրաքվեի․ «Եվ սա ամենևին չի նշանակում աչքաթող անել Երևանի զարգացման տեսլականը, որը կարճ ժամանակ անց ներկայացնելու ենք Երևանի բնակիչներին: Կուսակցությունն ամենայն պատասխանատվությամբ և հետևողականորեն իրականացնում է իր որդեգրած մարտավարությունը՝ ընտրությունների միջոցով հնարավորինս անցնցում երկրում իրականացնել իշխանափոխություն: Այժմ մենք հասել ենք կուսակցության որդեգրած մարտավարության հաջորդ հանգրվանին՝ Երևանի ավագանու ընտրություններին: Անհնարին է գերագնահատել Երևանի ավագանու ընտրությունների քաղաքական ազդեցության աստիճանը: Եվ ուրախ եմ հայտարարել, որ «Ապրելու երկիր»-ը որոշում ունի մասնակցելու և հաղթելու ավագանու ընտրություններում»։
Նրա խոսքով՝ եթե մինչև ապրիլի 25-ը չընտրվեց Երևանի նոր քաղաքապետ, ավագանին պետք է լուծարվի օրենքով սահմանված կարգով:
«Եթե այս հարցում կառավարությունը մատնվի անգործության, ապա կհանդիպենք դատարանում»,- ասաց Թանդիլյանը։




























