Եհովայի վկա, ՀՀ քաղաքացի Վահան Բայաթյանի բողոքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է: 1983թ. ծնված Վ. Բայաթյանը զինվորական ծառայությունից խուսափելու համար 2002թ. նոյեմբերի 28-ին դատարանի վճռով դատապարտվել է ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով, իսկ 2002թ. դեկտեմբերի 24-ին քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի դատավճիռը եւ նրան դատապարտել ազատազրկման արդեն 2 տարի 6 ամիս ժամկետով: 2003թ. հուլիսի 22-ին Բայաթյանը կրելով իր պատժից 10 ամիս և 17 օր` պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել եւ 2003թ. հուլիսի 22-ին Հայաստանի դեմ գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (այսուհետ` Դատարան): Նա իր գանգատում նշում է, որ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու մեջ իրեն մեղադրելը Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում է:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր վճռում նշել է, որ խնդրո առարկա ժամանակահատվածում Հայաստանում պարտադիր զինվորական ծառայությունից գիտակցաբար հրաժարվելու իրավունքը ճանաչված չէր: Մյուս կողմից` Հայաստանը արտաքին աշխարհի առջև պարտավորություն էր ստանձնել ճանաչել այդ իրավունքը և, միաժամանակ, ներում շնորհել պարտադիր զինվորական ծառայությունից գիտակցաբար խուսափած անձանց` փոխարենը նրանց թույլ տալով, այլընտրանքային ծառայության մասին օրենքն ուժի մեջ մտնելուց հետո անցնել այլընտրանքային ծառայության:

Դատարանը կասկածի տակ չի առել, որ Բայաթյանը հրաժարվել է պարտադիր զինվորական ծառայությունից՝ կրոնական համոզմունքներից ելնելով, սակայն գտել է, որ իշխանությունները, նրան դատապարտելով, չեն խախտել Կոնվենցիայով իրենց կողմից ստանձնած պարտավորությունները, քանի որ այլընտարնքային ծառայության մասին օրենքի գործնական կիրառումը սույն գանգատի շրջանակներից դուրս է գտնվում: