Վաղը չէ մյուս օրը Սևծովյան պատվիրակության անդամներով մեկնում ենք Թուրքիա՝ Անկարա, որտեղ բավականին բարդ օրակարգ է մեզ սպասվում: Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, ԱԺ-ում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Նա դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամ,ավոր Գեղամ Մանուկյանին՝ նշելով. «Պատվիրակության անդամ եք նաև դուք։ Դուք հարցնում եք՝ Ռուբեն Ռուբինյանը ինչու է գնում, մասնակցում հայ-ադրբեջանական բանակցություններին, ես էլ ձեզ հարցնում եմ՝ բա դուք ինչո՞ւ չեք գալիս մեզ հետ Թուրքիա: Գայիք, շատ լավ ամբիոն է, ձեր բոլոր մտահոգությունների մասին բարձրաձայնեիք, լիքը խնդիրներ կան,մ օգնեիք, որ մենք մեր տեսակետը տանեինք առաջ: Սա ուղիղ վերաբերում է ձեր պարտականություններին: Խնդրում եմ, եթե առիթ կլինի ասեք, թե ինչու մեզ հետ Թուրքիա չեք գալիս, որտեղ գիտեք, որ շատ բարդ կազմակերպություն է, շատ բարդ օրակարգով ու լիքը հարց ունենք լուծելու»:

Նշենք, որ մինչ այդ Գեղամ Մանուկյանը  հարցրել էր, թե ինչո՞ւ է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ով Հայաստանի կողմից Թուրքիայի հետ բանակցությունների բանագնացն է, մասնակցում Վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցություններին։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարել էր, որ հայ ժողովրդի թիկունքում, ստվերային, գաղտագողի տեղի են ունենում գործընթացներ, տարբեր ձևաչափով հանդիպումներ, որոնք վտանգում են ՀՀ և Արցախի Հանրապետության անվտանգությունը, հարվածի տակ են դնում մեր ժողովրդին, պետականությունը և ազգային անվտանգությունը։