Երեւանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 դպրոցի քիմիայի ուսուցչուհի, 4-րդ դասարանի դասղեկ Գայանե Թանգյանը, ով հենց դասարանում բոլորի աչքի առաջ կտրել է իր դասարանի 9-ամյա 6 տղաների մազերը, ազատվել է աշխատանքից մանկավարժին ոչ վայել պահելաձեւի համար: Այս մասին այսօր` սեպտեմբերի 28-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը` հավելելով, որ նման դեպք առաջին անգամ է գրանցվում: Ինչ վերաբերում է սոցցանցերում քննարկումներին, որ որոշ ծնողներ ցանկանում են վերադարձնել քիմիա, շրջակա միջավայր եւ այլ առարկաներ դասավանդող ուսուցչուհուն, ապա Արթուր Գեւորգյանը նշեց, որ նրա գործատուն դպրոցի տնօրենն է, իսկ տնօրենինը` քաղաքապետարանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 դպրոցի քիմիայի ուսուցչուհի, 4-րդ դասարանի դասղեկ Գայանե Թանգյանը, հենց դասարանում, բոլորի աչքի առաջ կտրել է իր դասարանի 9-ամյա 6 տղաների մազերը: Այս մասին վրդովված պատմել է NEWS.am-ի խմբագրություն զանգահարած մեր գործընկերը` «Հ2»-ի լրագրող Արամ Գրիգորյանը, ում որդու մազերը եւս կտրել էր դասղեկը:
Դանիել Վարուժանի անվան թիվ 89 դպրոցի տնօրեն Օֆելյա Պետրոսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ Գայանե Թանգյանն արդեն հեռացված է դասղեկությունից, նա այլեւս դասղեկ չի աշխատի, բայց կշարունակի դպրոցում քիմիա եւ այլ առարկաներ դասավանդել: Տնօրենը նշեց, որ ուսուցչուհին բազմիցս ներողություն է խնդրել. «Հիմարություն է արել, ապուշություն է արել, ինչ պատճառաբանություն ուզում է գտնի, ո՞նց է պատճառաբանել, ասել է, որ մի քանի անգամ զգուշացրել է, չեն կտրել, ինքն է կտրել դասարանում, մի փոքրիկ մազափունջ է վերցրել»,- ասել էր տնօրենը:




























