ԵԽԽՎ-ի Թուրքիայում եւ Վրաստանում մամուլի ազատության վերաբերյալ զեկույցում, տեղեկություններ են բերվում այդ երկրներում լրագրողների նկատմամբ իրականացված հետապնդումների եւ սպանությունների մասին։ Զեկույցը տեղեկայված է ԵԽԽՎ պաշտոնական կայքում։
Զեկույցում մասնավորպես հիշատակվում է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը, որն իրականացվել էր թուրք ազգայանամոլի կողմից։ «Լրագրողներն առանց սահմաների» կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, որ Թուրքիայի պետական կառույցները, մասնավորապես ոստիկանությունը, ամեն կերպ խոչընդոտել են մեղավորների բացահայտման գործին՝ թաքցնելով ամբաստանյալներին։ Դատական գործընթացի ժամանակ պարզվել է, որ Դինքի սպանության ժամանակ երկու ամբաստանյալներ գտնվել են ոստիկանության վերահսկողության ներքո, սակայն ոչ մի գործողություն չի իրականացվել սպանությունը կանխելու համար։
Դինքի սպանության գործի տասներորդ լսումը եղել է 2009 թվականի հուլիսի 6-ին եւ պետք է շարունակվեր մինչեւ հոկտեմբերի 12-ը։
Այս տարվա փետրվարին, խորհրդարանում Մարդու իրավունքի կոմիտեի կատարած այն հայտարարություններից հետո, որ ոստիկանության սպաները տեղյակ էին Դինքի հասցեին հնչող սպառնալիքներից եւ ոչինչ չեն ձեռնարկել, պետք է կայանար նոր հետաքննություն՝ կապված այդ գործում նրանց դերակատարության հետ։ Իսկ հուլիսի 8-ին դատավորը վճռեց, որ ոստիկանությունը ոչ մի ձեւով չի խանգարել ճշմարտության բացահայտմանը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիայի իշխանություններից պահանջել է Դինքի գործի մասին տեղեկություններ։ Դատարանը Դինքի ընտանիքի բողոքները կլսի 2009 թվականի նոյեմբերին։ Փաստաբանները պնդում են, որ լրագրողի սպանությունը կարող է կապված լինել ծայրահեղ ազգայնական «Էրգենեկոն» կազմակերպության հետ։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը մեջբերում է նաեւ Bianet կազմակերպության մոնիտորինգի արդյունքները 125 մարդու դատական գործընթացի վերաբերյալ, որից 57-ը, ի դեպ, լրագրողներ են։ Նրանք բոլորը դատվել են սեփական կարծիքներն արտահայտելու համար։
2008 թվականի Ռուսաստանի հետ հակամարտության ժամանակ Վրաստանում սպանվել է 4 եւ վիրավորվել նվազագույնը 10 լրագրող։ 2008 թվականի խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների, ինչպես նաեւ ռուս-վրացական հակամարտության ժամանակ վրացական իշանություններն արգելել են մի քանի լրատվամիջոցների գործունեությունը, ինչի պատճառով ԵԽԽՎ-ն նրան մեղադրանք է ներկայացրել խոսքի ազատությունը սահմանափակելու համար։
Զեկույցում բերվում են նաեւ այդ երկրում մարդու իրավունքների խախտման եւ սպանությունների այլ դեպքեր։




























