Ադրբեջանն այս տարեսկզբին երկու միջպետական արբիտրաժային հայց է ներկայացրել Հայաստանի դեմ՝ Էներգետիկ խարտիայի եւ Կենսաբազմազանության պաշտպանության Բեռնի կոնվենցիայի հիման վրա՝ ֆինանսական փոխհատուցում պահանջելով 1991-2020 թթ. ընթացքում իբր իր տարածքում էներգետիկ օբյեկտներն օգտագործելու, ֆաունան եւ ֆլորան վնասելու համար: Միջազգային իրավական հարցերի Հայաստանի ներկայացուցչի գրասենյակն ավելի վաղ ընդգծել էր՝ Ադրբեջանի պնդումները որեւէ առնչություն չունեն Էներգետիկ խարտիայով նախատեսված պարտավորությունների հետ։

«Այս պահին դեռ նախնական փուլում ենք, դեռ տրիբունալի ձեւավորման փուլում ենք: Այդտեղ էլ գործ ունենք իրավական առարկություններ բերելու, հակափաստարկներ, որովհետեւ, կարծում ենք՝ այնտեղ շատ լուրջ իրավական խնդիրներ կան»,- «Լուրեր»-ի հետ զրույցում նշել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Միջազգային արբիտրաժի մասնագետ Հայկ Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է կովկասյան ընձառյուծների, արջերի, գայլերի, արծիվների բնոլորտի ոչնչացման համար: Ըստ Հովհաննիսյանի՝ դեռեւս 70-ականներին ընդունված Բեռնի կոնվենցիայի հիման վրա աշխարհում առաջին անգամ է հայց ներկայացվում: Բաքվի պնդմամբ՝ իբր ապօրինի շահագործվել են Սարսանգի ջրամբարի եւ Թարթառի վրա գտնվող ՀԷԿ-երը:

Ավելի վաղ միջազգային իրավական հարցերի Հայաստանի ներկայացուցիչը շեշտել էր՝ արբիտրաժի մասին ծանուցումը Ադրբեջանը ներկայացրեց Հաագայի որոշումից օրեր անց, որով Դատարանը պարտադրեց Ադրբեջանին Լաչինի միջանքով ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել տեղաշարժը։

Էներգետիկ խարտիայի շրջանակում անհիմն վարույթ հարուցելով՝ Ադրբեջանը մտադիր է ուշադրություն շեղել: Ադրբեջանի գործողությունները չեն խաթարի Հայաստանի հավատարմությունը Էներգետիկ խարտիային, Էներգետիկ խարտիայի համաժողովի աշխատանքներին եւ էներգետիկ ոլորտում կայուն ներդրումների եւ առեւտրի խթանմանը:

Միջազգային արբիտրաժի մասնագետ, փաստաբան Հայկ Հովհաննիսյանի խոսքով՝ ՀԷԿ-երի սեփականատեր հայ ներդրողներն էլ հայց են ներկայացրել Ադրբեջանի դեմ Վաշինգտոնի միջազգային ներդրումային արբիտրաժային դատարանում: Ըստ նրա՝ մեր երկրի համար միջազգային արբիտրաժային վեճերը նորություն չեն: 2023-ի հունվարին Հայաստանը հաղթեց 5 տարի տեւած, խոշոր ֆինանսական պարտավորություն ենթադրող վեճում: Հայաստանի դեմ 331 մլն դոլարի հայցը ներկայացվել էր 2018-ի օգոստոսին:

«Հյուսիս-հարավ ավտոճանապարհի եւ համակցված երկաթգծի կոնցեսիոների կողմից: Դա ԱՄԷ գտնվող մի ընկերություն էր, եւ նրա բաժնետերը, որ ԱՄՆ քաղաքացի էր, ՀՀ-ից պահանջում էին խոշոր գումար, որ մեզ հաջողվեց հետ մղել, հաղթել, եւ Հայաստանի ներդրումային վարկանիշը բավականին աճեց»,- ասել է Հայկ Հովհաննիսյանը:

Ադրբեջանի իրավական հարձակմանը հակազդելու համար Հովհաննիսյանը կարեւորում է մասնագիտական ներուժի համախմբումը՝ ներառելով նաեւ սփյուռքը. «Լավատեսական ելքի դեպքում, բացի ՀՀ վարկանիշի բարձրացմանը եւ քաղաքական հետեւանքին, որը կդառնա լավ գործիք՝ մեր դիվանագետների գործիք, կա նաեւ մեկ այլ արդյունք, որը գրանցեցինք Վաշինգտոնյան արբիտրաժի ժամանակ, հայցվորը վնասի հատուցում կվճարի ՀՀ-ին: Միլիոնավոր դոլարների ծախսի մասին է»:

Արբիտրաժային վճիռները պարտադիր կատարման ենթակա են մի շարք գործոնների ուժով, որոնցից մեկն է Օտարերկրյա արբիտրաժային վճիռների ճանաչման Նյու Յորքի կոնվենցիան: Տրիբունալի ձեւավորումից հետո կսկսվի գործի քննությունը: