Արեւմտյան երկրները սադրում են հակամարտություններ եւ հեղաշրջումներ, ոչնչացնում են ավանդական արժեքները՝ այսուհետ եւս իրենց կանոնները, ըստ էության՝ թալանի եւ բռնության համակարգը թելադրելու համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Կարծում ենք, որ գերազանցության հասնելու ցանկացած գաղափարախոսություն իր բնույթով զզվելի է, հանցավոր եւ մահասփյուռ։ Սակայն արեւմտյան գլոբալիստական էլիտաները նախկինի պես պնդում են իրենց բացառիկությունը, իրար դեմ հանում մարդկանց եւ բորբոքում հասարակությունը, սադրում արյունալի հակամարտություններ եւ հեղաշրջումներ, ատելություն, ռուսատյացություն, ագրեսիվ նացիոնալիզմ են սերմանում, ոչնչացնում են նաեւ ընտանեկան ավանդական արժեքները, որոնք մարդուն մարդ են դարձնում»,- ասել է Պուտինը Հաղթանակի զորահանդեսում։

Եվ այս ամենը, ըստ Պուտինի, այն բանի համար, «որպեսզի այսուհետ եւս թելադրեն, ժողովուրդներին պարտադրեն իրենց կամքը, իրենց իրավունքները, կանոնները, իսկ ըստ էության՝ թալանի, բռնության եւ ճնշման համակարգը»։

«Ըստ երեւույթին, նրանք մոռացել են, թե ինչի հանգեցրին համաշխարհային գերազանցության նացիստների անմիտ հավակնությունները, մոռացել են, թե ով է ջախջախել այդ հրեշավոր համատարած չարիքը, ով է որպես պատ կանգնել հայրենի հողի համար եւ կյանքը չի խնայել հանուն Եվրոպայի ժողովուրդների ազատագրության»,- ընդգծել է Ռուսաստանի նախագահը։

«Նրանց նպատակը, եւ այստեղ որեւէ նոր բան չկա, մեր երկրի փլուզմանն ու ոչնչացմանը հասնելն է, Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները ջնջելը, վերջնականապես կոտրելն անվտանգության եւ միջազգային իրավունքի համակարգը, խեղդել զարգացման ցանկացած սուվերեն կենտրոն»,- ասել է Պուտինը Հաղթանակի զորահանդեսում։