Երեքշաբթի առավոտյան տասնյակ բանկային ավանդատուներ բողոքի ցույց են անցկացրել Բեյրութի խորհրդարանի շենքի առջեւ՝ դատապարտելով 2019 թվականից տեղական բանկերի կողմից միջոցների դուրսբերման եւ փոխանցումների համար սահմանված անօրինական սահմանափակումները, հայտնում է L'Orient-ը:

Բողոքի ակցիան վերածվել է ծեծկռտուքի ցուցարարների եւ Բեյրութի կենտրոնում գտնվող Audi բանկի մասնաճյուղի անվտանգության աշխատակիցների միջեւ:

«Ավանդատուների ճիչ» իրավապաշտպան խումբն անցյալ շաբաթ իր կողմնակիցներին կոչ է արել դատապարտել բանկային միջոցառումները եւ պահանջել իրենց դեպոզիտները։

Ցուցարարների եւ քաղաքի կենտրոնում գտնվող Audi բանկը հսկող անվտանգության աշխատակիցների միջեւ ծեծկռտուք է սկսվել, վերջիններս ցուցարարների դեմ պղպեղային գազ են կիրառել:

Հաղորդվում է, որ ցուցարարները քանդել են բանկի բանկոմատը եւ այրել անվադողերը: Այնուհետեւ ցուցարարները շարժվել են դեպի ժամանակավոր վարչապետ Նաջիբ Միքաթիի մոտակա նստավայրը։ Ապա նրանք որոշել են գնալ Լիբանանի բանկերի ասոցիացիայի մոտ՝ շարունակելու իրենց բողոքը:

2019-ին տնտեսական ճգնաժամի սկզբից վեր բանկերը ոչ պաշտոնական խիստ սահմանափակումներ են մտցրել միջոցների դուրսբերման վրա, մինչդեռ լիբանանյան լիրան կորցրել է իր արժեքի ավելի քան 95 տոկոսը, ինչը կտրուկ նվազեցրել է շատ քաղաքացիների գնողունակությունը: