Կրպակների ապամոնտաժման մասին ծանուցումների հերթական ալիքն այսօր`սեպտեմբերի 29-ին, կառավարության շենքի առջեւ էր հավաքել կրպակատերերի եւս մի հոծ բազմություն: Այս անգամ հերթը Տերյան, Կորյուն, Հերացի փողոցներինն է: Ըստ քաղաքապետարանի ծանուցումների` կրպակները պետք է ապամոնտաժվեն հիմնականում հոկտեմբերի ընթացքում:
Ընդ որում` քաղաքապետարանը կրպակատերերին պարտադրում է կազմաքանդումն իրականացնել սեփական միջոցներով, այնուհետ վերականգնել «տարածքի նախկին տեսքը»: Լավրենտի Մինասյանը, ով 47 տարի Տերյան-Կորյուն փողոցների խաչմերուկներում բանալիների պատրաստման կրպակ է պահում, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ երբ հիմնում էր իր տարածքը, այնտեղ աղբանոց էր: «Եթե պետք է նախկին տեսքը վերականգնենք, ուրեմն պետք է աղբ թափեմ այդտեղ»,- ասաց Լ. Մինասյանը:
Կրպակատերերի մի մասն էլ գոնե ապամոնտաժման հրամանի հետաձգում է պահանջում: Բանն այն է, որ կրպակատերերն ունեն օրինական լիցենզիաներ, որոնց ժամկետն ավարտվում է դեկտեմբերի 31-ին: Իսկ յուրաքանչյուր լիցենզիայի համար բավականին մեծ գումարներ են վճարվել:
Այսպես` ալկոհոլային խմիչքների վաճառքի լիցենզիան տարեկան կտրվածքով արժե մինչեւ 260 հազ. դրամ, ընդ որում` նույնչափ վճարում են եւ սուպերմարկետները, եւ փոքր կրպակները: Կամ` որոշ կրպակներ գիշերային աշխատանքի թույլտվության համար օրինական վճարել են 87 հազ. դրամ: «Գոնե թույլ տան աշխատել մինչեւ հունվար, երբ ավարտվում են լիցենզիաների ժամկետները»,- ասաց կրպակատերերից Ալինա Ավագյանը:Հերթական անգամ բողոքող կրպակատերերի հետ հանդիպեց ՀՀ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը: Այս անգամ սակայն նա ձեռնպահ մնաց խոստումներ շռայլելուց, ընդամենը խորհուրդ տալով դիմել դատարան: Հետո հատուկ ընդգծեց, որ դատարանի որոշումը չեն կարող բեկանել ոչ ինքը, ոչ էլ անգամ հանրապետության նախագահը:




























