Հայաստանի եւ Ուկրաինայի հարկային եւ մաքսային մարմինների ղեկավարները, Կիեւում, 2012 թվականի համատեղ գործողությունների ծրագիր են ստորագրել, որով նախատեսվում է ներդաշնակեցնել երկկողմանի փոխգործակցության մաքսային ոլորտում:Հայաստանի պետեկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագիրը հայկական կողմից ստորագրել է ՊԵԿ-ի ղեկավար Գագիկ Խաչատրյանը, իսկ Ուկրաինայի կողմից` Ուկրաինայի պետական մաքսային ծառայության նախագահ Իգոր Կալետնիկը:

Ծրագիրը նպատակ ունի համատեղ պայքար ծավալել մաքսային իրավախախտումների դեմ, պարզեցնել եւ համահունչ դարձնել երկու երկրների մաքսային ընթացակարգերը, տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաները լայնորեն օգտագործել տվյալների փոխանակման բնագավառում, ինչը կբացառի կրկնակի մաքսային ընթացակարգերի կիրառումը: Գալիք տարի համատեղ ծրագրեր կիրականացվեն կադրերի պատրաստման եւ որակավորման բարձրացման ուղղությամբ:

Մասնավորապես, նախատեսվում է հայ մաքսավորների որակավորման բարձրացումը կազմակերպել Ուկրաինայի մաքսային ծառայության Ակադեմիայում, որի երկու լսարանների արդիականացման ու տեխնիկական վերազինման խնդիրը կստանձնի ՊԵԿ-ը: Նաեւ երկու երկրների մաքսային ծառայողների փոխայցելություններ կկազմակերպվեն մաքսակետեր` տեղում ծանոթանալու Հայաստանի եւ Ուկրաինայի մաքսային ընթացակարգերի կիրառման առանձնահատկություններին, դրանց պարզեցման եւ ներդաշնակեցման ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացմանը:  

Մաքսային իրավախախտումների դեմ պայքարի առավել արդյունավետ կազմակերպման բնագավառում պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտ համագործակցություն հաստատել ՊԵԿ կինոլոգիական կենտրոնի եւ ուկրաինական համապատասխան ծառայության միջեւ:

Որպես համագործակցության առաջին գործնական քայլ` ուկրաինացիները հայ գործընկերներին են նվիրել իրենց լավագույն  «խուզարկուե շներից մեկի ձագին, որն այսուհետ իր ծառայությունը կանցկացնի Հայաստանի մաքսակետերում:Այցի ընթացքում ՊԵԿ պատվիրակությունը ծանոթացել է Ուկրաինայի մաքսային ծառայության տարբեր ենթակառուցվածքների աշխատանքներին, ուսումնասիրել եվրոպական առաջավոր փորձը մաքսանենգության դեմ պայքարի բնագավառում, այդ ոլորտում կիրառվող տեխնիկական ժամանակակից նորամուծությունները:

Նշենք, որ 2011թ. հունվար-օգոստոսին, Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է մոտ 30 տոկոսով` կազմելով 157,4 միլիոն դոլար: