ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ հիպերձայնային հրթիռներն ու ողորկափող հրետանին աշխատում են, երբ չի գործում միջազգային իրավունքը: Հայտարարությունը քաղաքական գործիչն արել է Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումի շրջանակներում։
Նրա խոսքով՝ եթե չեն աշխատում իրավաբանական ինստիտուտները, «դրանց փոխարինելու են գալիս այլ ինստիտուտներ, որոնք արդյունավետ են եւ ունակ են արտահայտել կոնկրետ պետության կամքը»։
«Եթե միջազգային կոնվենցիաները չեն կիրառվում, իսկ երկրների կողմից ճանաչված դատարանների վճիռները չեն կատարվում, ապա այդ ժամանակ աշխատում է փողային եւ ռեակտիվ հրետանին։ Եվ նույնիսկ հիպերձայնային հրթիռներ են թռչում»,-ասել է նա։
Մեդվեդեւը նշել է, որ Ռուսաստանը պատճառ չունի ենթարկվելու իրավական կառույցների որոշումներին, «որոնք իրենց սպառել են կամ վերջնականապես վարկաբեկել են»։
Անվտանգության խորհրդի փոխնախագահը նաեւ արդիական չի համարել համաշխարհային արդարադատության համակարգը։
Նրա խոսքով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) եւ ՄԱԿ-ի դատարանը «կորցրել են գրավչությունը»: Մեդվեդեւը նշել է, որ այս պահին նոր համաշխարհային դատական ինստիտուտներ ստեղծել չի ստացվի, քանի որ բազմաթիվ հակասություններ կառաջանան:





























