WikiLeaks-ի նյութերի հրապարակումներն անընդունելի են: Նման տեսակետ է հայտնել Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, NEWS.am-ի թղթակցի հարցի ի պատասխան:
«Ես բոլորովին չեմ ողջունում փաստը, որ գաղտնի համարվող նյութեր են հրապարակվել: Ես կտրականապես դեմ եմ դրան, սակայն ոչ ոք դրանք կեղծ չպետք է համարի: Դրանք օրիգինալ հեռագրերի իրական տեքստեր են, որոնք ստորագրվել են իմ եւ այլ դիվանագետների կողմից: Եթե դրանք կեղծ լինեին, մենք անմիջապես կնկատեինք»,- ասել է Էվանսը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին WikiLeaks-ը մի քանի հարյուր գաղտնի փաստաթղթեր է հրապարակել, որոնք Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիվանագետներն ուղարկել են ԱՄՆ պետքարտուղարություն:




























