Երեւանի քաղաքապետարանի փոխանցմամբ, սեպտեմբերի 26-ին, Երեւանի Տերյան-62 հասցեում գտնվող շենքի բակում արձանագրվել է ծառահատման դեպք։

Հատվել է բնի 15սմ տրամագծով թվով 11 ծառ։ Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշված տարածքում սա ծառահատման երկրորդ փորձն է։Սահմանված կարգի համաձայն՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունը տեղյակ է պահել բնապահպանության տեսչության Երեւանի տարածքային բաժնին եւ Կենտրոնի ոստիկանությանը։ Կատարվում է նախաքննություն։

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ՝ նույն տարածքը (Տերյան 62 հասցեի շենքի բակ) աշնանային ծառատունկի ժամանակ կլրացվի նոր՝ 13 տնկիներով։