«Օգնիր դպրոցիդ» եւ «Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրերի շրջանակներում, Երեւանի քաղաքապետրանը հանդես է եկել «Օգնիր Արցախի ծայրամասային դպրոցներին» յուրատեսակ նախաձեռնությամբ: Գաղափարին անմիջապես արձագանքել են Երեւանի Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցը,  թիվ 47 մանկապարտեզը, ինչպես նաեւ բարեգործական ու մասնավոր ընկերություններ: 

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 27-28-ին, Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության, Չեխովի անվան թիվ 55 դպրոցի եւ թիվ 47 մանկապարտեզի համատեղ պատվիրակությունը, քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի ղեկավարությամբ, այցելել են ԼՂՀ Ասկերանի շրջանի Նախիջեւանիկ գյուղի դպրոց, ուր նրանց ուղեկցել են Ասկերանի վարչակազմի եւ շրջկենտրոնի միջնակարգ դպրոցի ներկայացուցիչները:

Պատվիրակության անդամներն իրենց հետ տարել են գրենական պիտույքներ, մարզագույք, աշակերտական պայուսակներ, գեղարվեստական գրականություն, բարեգործական կազմակերպությունների տրամադրած գրենական պիտույքներ, մարզահագուստ  ու համակարգիչներ, ինչպես նաեւ նախադպրոցական տարիքի աշակերտների համար նախատեսված սեղաններ ու աթոռներ: Նախիջեւանիկ գյուղի դպրոցի շենքում տեղակայված մանկապարտեզի սաներն էլ ստացել են իրենց երեւանցի ընկերների եւ նրանց ծնողների կողմից գնված խաղալիքներ, գրենական պիտույքներ, նկարչության տետրեր եւ տրամաբանությունը զարգացնող խաղեր:

Բացի այդ, դասապրոցեսը մի քանի առառկաներից եւ մանկապարտեզի պարապմունքները,  մեկ օր կազմակերպել են պատվիրակության կազմում Երեւանից ժամանած մանկավարժները: Տեղում կազմակերպվել է նաեւ համերգային ծրագիր, շախմատային մրցաշար: Ասկերանի շրջանի վարչակազմի կողմից էլ յուղանկար է նվիրաբերվել Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությանը:

Նշենք, որ «Օգնիր դպրոցիդ» ծրագրի շրջանակներում ,մինչ օրս մայրաքաղաքի դպրոցներին է փոխանցվել շուրջ 641 միլիոն դրամ: 302 միլիոն դրամ էլ փոխանցվել է «Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրին: