Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոն (նստավայրը՝ Թբիլիսի):

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Աննա Մարիա Շիկոյին՝ դիվանագիտական հարաբերությունների երկարատև դադարից հետո Հայաստանում Հունգարիայի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

«Մենք մեծապես կարևորում ենք Ձեր նշանակումը: Հայաստանը և Հունգարիան՝ որպես դարավոր բարեկամ երկրներ, շարունակելու են իրենց համագործակցությունը, և ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր երկկողմ հարաբերություններն իսկապես զարգացում ունենան: Վստահ եմ, որ Ձեր անձնական ներդրումը կունենաք մեր հարաբերությունների զարգացման գործում»,- ասել է նախագահը:

Դեսպան Աննա Մարիա Շիկոն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է. «Մենք բավական երկար ենք սպասել այս պահին, և այսօր ունենք արդյունք: Մենք քրտնաջան աշխատեցինք, և առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հունգարիայում և նաև Հայաստանում աշխատող բոլոր նրանց, ովքեր այս ամենը հնարավոր դարձրեցին»:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Հունգարիայի միջև տնտեսական փոխգործակցության հեռանկարներին և առկա ներուժի լիարժեք իրականացմանը: Երկուստեք կարևորվել է կրթության, տուրիզմի և մշակույթի ոլորտներում համագործակցության խթանումն ու համատեղ ծրագրերի իրականացումը:

Զրույցի ընթացքում ընդգծվել է միջազգային կազմակերպություններում, մասնավորապես՝ Եվրամիության հարթակում ակտիվ համագործակցության և ժողովրդավարական ինստիտուտների կայացման նպատակով լավագույն փորձի փոխանակման կարևորությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանը Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները սառեցրել էր 2012 թվականին, երբ այդ երկիրը Ադրբեջանին արտահանձնեց 2004-ին Հունգարիայում հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովին, որն Ադրբեջան վերադառնալուց անմիջապես հետո հայտնվեց ազատության մեջ և պետական պարգևների արժանացավ։

Ավելի ուշ՝ 2013-ին արդեն Երևանը հայտարարում էր, որ պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հունգարիայի հետ, եթե Բուդապեշտն ինքը քայլեր ձեռնարկի:

Բուդապեշտի ու Երևանի հարաբերություններում սառույցն արդեն սկսել էր հալվել վերջին 2 տարիներին։ Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին Հունգարիայի կառավարության միջնորդությամբ 5 հայ ռազմագերի էր վերադարձել տուն, նրանց ուղեկցել էր այդ երկրի արտաքին գործերի պետքարտուղար Պետեր Շտարայը, իսկ Հայաստանի արտգործնախարարությունը բարձր էր գնահատել հունգարական իշխանությունների մարդասիրական քայլը։

2022-ի փետրվարին Հունգարիայից Հայաստան պատվիրակություն էր եկել, որ այցելել էր Երևանում Գուրգեն Մարգարյանի անվան դպրոց, այնտեղ հուշագիր էր ստորագրել Բուդապեշտի հիմնական էկումենիկ դպրոցներից մեկի հետ: