Շվեդիայում պատմական այցով գտնվող Իսրայելի արտգործնախարար Էլի Քոենը երկուշաբթի Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրեմի հետ հանդիպմանը հայտարարել է Իսրայելի եւ Սկանդինավյան թագավորության հարաբերություններում նոր էջ բացելու մասին՝ 20 տարվա քաղաքական տարաձայնություններից եւ բարձր մակարդակի երկխոսության բացակայությունից հետո։
Քոենը դարձել է Իսրայելի առաջին արտգործնախարարը, որը վերջին 22 տարվա ընթացքում այցելել է Շվեդիա։
«Մենք նոր էջ ենք բացում Իսրայելի եւ Շվեդիայի հարաբերություններում երկար տարիներ անց, երբ Շվեդիան քննադատական քաղաքականություն էր վարում Իսրայելի նկատմամբ։ Իսրայելի արտգործնախարարի այս այցը Ստոկհոլմ առաջինն է 2001 թվականից հետո, եւ այն նշանավորում է երկրների միջեւ հարաբերությունների ուղղության փոփոխությունը»,- ասել է Քոենը, մեջբերում է Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Երկու երկրների արտաքին գործերի նախարարները նկատել են Իսրայելի նկատմամբ Շվեդիայի մոտեցումների նկատելի փոփոխություն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում, ինչպես նաեւ քննարկել են երկրների միջեւ տնտեսական կապերի ամրապնդման ուղիները։
Քոենն ու Բիլստրեմն անդրադարձել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի ակնկալվող անդամակցությանը, որը, ըստ իսրայելցի նախարարի, «հիանալի հնարավորություն կլինի Իսրայելի համար՝ ամրապնդելու տնտեսական կապերը Շվեդիայի հետ եւ ընդլայնելու երկրների միջեւ առեւտուրը անվտանգության, նորարարության եւ ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտներում»։





























