Ճապոնիայի բնակիչները կորոնավիրուսի համավարակի ավարտի պատճառով հանրային վայրերում պաշտպանիչ դիմակների պարտադիր կրումը չեղարկելուց հետո սկսել են դիմել ժպտալ սովորեցնող մասնագետներին, հայտնում է The Guardian-ը։
Սանիտարական սահմանափակումների պատճառով հանրային վայրերում դիմակ կրելու պահանջը ճապոնացիները պահպանել են երեք տարի։ Այժմ նրանք սովոր են հանրությանը ներկայանալ բաց դեմքերով եւ խոստովանում են, որ մոռացել են ժպտալ։
«Այն պատճառով, որ դիմակներ կրելը դարձել է նորմա, մարդիկ ժպտալու ավելի քիչ առիթներ են ունենում, եւ ավելի ու ավելի շատ մարդիկ են բախվում այդ կապակցությամբ զարգացած բարդույթի հետ»,-թերթը մեջբերում է «ժպիտի զարգացման մարզիչ» Կեյկո Կավանոյի խոսքը:
Նա հավելել է, որ գեղեցիկ ժպիտի առաջացման հիմնական գործոններն են «դեմքի մկանների շարժումն ու թուլացումը»:
«Ես ուզում եմ, որ մարդիկ ժամանակ տրամադրեն գիտակցաբար ժպտալու համար՝ հանուն իրենց ֆիզիկական եւ մտավոր բարեկեցության»,-պարզաբանել է նա։
Egaoiku ընկերությունը, որն առաջարկում է ժպիտի զարգացման դասընթացներ, իր ծառայությունների պահանջարկի աճ է նկատել 4,5 անգամ այն բանից հետո, երբ 2023 թվականի փետրվարին Ճապոնիայում հայտարարվել է դիմակների պարտադիր կրումը վերացնելու մասին։




























