Սառա Քոնորի մասնակցությամբ չկայացած համերգից ամիսներ են անցել, սակայն համերգի տմսեր գնած որոշ քաղաքացիներ դեռ փոխհատուցում չեն ստացել: NEWS.am-ի խմբագրությունը պարբերաբար ահազանգեր է ստանում այդպիսի քաղաքացիներից: Նրանցից մեկը` Էրիկը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ չնայած ինքը եւս, մի խումբ քաղաքացիների հետ, ոստիկանությունում բողոք էր գրել, բայց մինչ օրս որեւէ զանգ չի ստացել, հետեւաբար` նաեւ 18 հազար դրամը: Մյուս քաղաքացին` Գոռը, ով ահազանգել էր, պատմեց, որ գումարը ստանալու համար դիմել է տոմսարկղ, իսկ տոմսարկղից խորհուրդ էին տվել դիմել կազմակերպությանը, այնուհետեւ` դիմել ոստիկանություն: Իսկ ոստիկանության մի տեղամասից մյուսը գնալ-գալով հոգնելուց հետո` նա վերջնականապես հրաժարվել է իր գումարից: Նրանք այն քաղաքացիներն են, որոնք դիմել են NEWS.am-ին, բայց չի բացառվում, որ չկայացած համերգի տոմսերի գումարը չստացած անձանց թիվն ավելի է:
Դիմեցինք VH - Music Production ընկերության տնօրեն Վահե Հարությունյանին, ով NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում վստահեցրեց, որ ընդհանուր առմամբ` մոտ 20 մլն դրամ արժողությամբ վաճառված տոմսերի գումարից վերադարձնելու համար մնացել է 7-9 մլն դրամը: Նրա խոսքով` հիմնականում վերադարձրել են այն քաղաքացիների գումարները, որոնք կազմակերպությունից էին գնել տոմսերը: Վահե Հարությունյանը նշեց, որ գումարը վերադարձնելու խնդիրը դժվարացել է, քանի որ հանել են Մոսկովյան- Աբովյան խաչմերուկի տոմսարկղը, որի միջոցով նա վերադարձնում էր իր գումարները: VH - Music Production ընկերության տնօրենը նշեց, որ հոկտեմբերի 20-25-ը չկայացած համերգի տոմսերի գումարների վերադարձման նախավերջին փուլը կլինի եւ նա լրացուցիչ կտեղեկացնի, թե որտեղից քաղաքացիները կարող են ստանալ իրենց գումարները:
Հիշեցնենք, որ VH Music-ի կողմից կազմակերպված, Սառա Քոնորի մասնակցությամբ համերգը 3 անգամ հետաձգվել էր: Սկզբում այն նախատեսված էր փետրվարի 14-ին, այնուհետեւ՝ փետրվարի 19-ին, իսկ վերջում՝ մարտի 8-ին, իսկ հետո պարզվել էր, որ համերգն ընդհանրապես չի կայանալու: Դրանից հետո ապրիլի 7-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունից ոստիկանության Կենտրոնական բաժին VH music-ի տնօրեն Վահե Հարությունյանի կողմից խարդախություն կատարելու վերաբերյալ նախապատրաստական նյութեր էին ստացվել՝ հաշվի առնելով մի շարք քաղաքացիների դիմումներն առ այն, որ իրենք Սառա Քոնորի մասնակացությամբ երեւանյան համերգի տոմսեր են գնել, սակայն համերգը չկայանալու հետեւանքով այդ գումարներն իրենց չեն վերադարձվել: Այնուհետեւ որոշում է կայացվել մերժել VH music ՍՊԸ-ի տնօրեն Վահե Հարությունյանի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը՝ նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:




























