Երեւանի կենտրոնում ապօրինաբար հատված 11 ծառերի հարցով, Բնապահպանության նախարարությունը գրություն է պատրաստում ոստիկանություն դիմելու համար: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին, Երեւանի Տերյան-62 հասցեում գտնվող շենքի բակում ապօրինի ծառահատման դեպք է արձանագրվել:
Սեպտեմբերի 28-ին, Բնապահպանության նախարարության Երեւանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ապօրինի հատվել են հացենի, թեղի տեսակի ծառեր եւ եղրեւանու /յասաման/ թփեր, որի հետեւանքով բնությանը պատճառվել է 390 հազար դրամի վնաս:
Պատրաստվում է համապատասխան գրություն ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի Կենտրոնի բաժին ուղարկելու համար` դեպքի առիթով միջոցներ ձեռք առնելու եւ օրինախախտներին պատասխանատվության ենթարկելու համար:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունն արդեն իսկ դեպքի մասին տեղյակ է պահել բնապահպանության տեսչության Երեւանի տարածքային բաժնին եւ Կենտրոնի ոստիկանությանը։
Կատարվում է նախաքննություն:Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ՝ նույն տարածքը (Տերյան 62 հասցեի շենքի բակ) աշնանային ծառատունկի ժամանակ կլրացվի նոր՝ 13 տնկիներով:Նշենք, որ սա այս տարածքում ծառահատման արդեն երկրորդ դեպքն է:




























