Վերականգնվել է գազի մատակարարումը Հայաստան: Ռուսական կողմն ավարտել է «Հյուսիսային Կովկաս-Հարավային Կովկաս» գազամուղի 52-րդ կմ-ի հատվածում իրականացվող վերականգնողական աշխատանքները: Այս մասին NEWS.am-ին հայտնում են «ՀայՌուսգազարդի» մամուլի ծառայությունից:
«Գազի մատակարարումը վերականգնվել է Երեւանի ժամանակով 12:20-ին եւ իրականացնում է սովորական ծավալներով»,- հայտնել են ընկերությունից:
«Գազպրոմ Էքսպորտ» ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել էր «ՀայՌուսգազարդին» բնական գազի Հայաստան մատակարարման ժամանակավոր դադարեցման մասին: Ռուսական ընկերությունը տեղեկացրել էր, որ դադարեցումը կտեւի սեպտեմբերի 28-ի ժամը 9-ից մինչեւ սեպտեմբերի 30-ի ժամը 21-ը:
Հիշեցնենք, որ Հայաստան գազի մատակարարումը դադարեցվել էր նաեւ սեպտեմբերի 22-27-ին` կապված Վրաստանի տարածքում իրականացվող աշխատանքների պատճառով:




























