Օրերս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրողանը պաշտոնական այցով Իրանում էր, որպեսզի իր երկրի կողմից իրականացվող"զրո խնդիր հարեւանների հետ" քաղաքականության շրջանակներում անի հաջորդ քայլերը, ինչպես նաեւ կրկին հաստատի խաղաղության աղավնու իր կարգավիճակը, իր վերլուծության մեջ գրում է The Christian Science Monitor-ը։
Հրապարակման մեջ նշվում է, որ "ամեն դեպքում, Անկարան պետք է զգույշ լինի, որպեսզի «չվախեցնի» հին բարեկամներին, հատկապես նրանց, ովքեր չեն պատկանում մահմեդական աշխարհին։ Ո՞վ գիտի,թե ինչ կարող էր Թեհրանի միջուկային ծրագրի մասին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադին դեմ առ դեմ ասել Էրդողանը։ Ամեն դեպքում, «ամենակարող» թուրք վարչապետը հրապարակայնորեն իր աջակցությունն է հայտնել իրանցի իր «ընկերոջը»։
Վերջին ժամանակներս Անկարան փոխհարաբերությունները լրջորեն բարելավել է Հունաստանի, Սիրիայի, Իրաքի, Ռուսաստանի, Բուլղարիայի եւ, վերջապես, Հայաստանի հետ։ Թուրքիան միջնորդի դերում է հանդես գալիս Պակիստանի եւ Աֆղանստանի, ինչպես նաեւ Իսրայելի ու Սիրիայի միջեւ։
Երբ Թուրքիայում իշխանության եկավ Էրդողանի՝ ակնհայտ իսլամական հակվածությամբ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, Արեւմուտքն անհանգստացավ, քանի որ վտանգ կար, թե Անկարան կարող է մոռանալ իր արեւմտյան արժեքներն ու բարեկամներին։ Իսկ Իրանում հակասական նախագահական ընտրություններում Էրդողանը եւ երկրի նախագահ Աբդուլահ Գյուլը Ահմադինեջադին առաջին շնորհավորողներից էին։
Եվրոպան ետ է հրում Թուրքիային։ Ֆրանսիան եւ Գերմանան ոչ մի կերպ չեն ուզում այդ երկիրը տեսնել ԵՄ կազմում։ Այստեղ նյարդերի վրա է ազդում այն, որ Թուրքիան լոյալ վերաբերմունք է ցուցաբերում Իրանի հանդեպ եւ քննադատում է Իսրայելին։ Բայց Թուրքիան, ինչպես եւ բոլորը Մերձավոր Արեւելքում, չի ուզում Իրանին տեսնել իր միջուկային ծրագրով։ Եվ լավ հասկանում է, որ Պաղեստինում խաղաղություն չի լինի՝ առանց Իսրայելի հետ համագործակցության։ Այսպիսով, Թուրքիայի գործողություններն իրականում ուղղված են իր եւ իր նպատակների դեմ։




























