Ուսուցչի օրվա կապակցությամբ, Երեւանի քաղաքապետարանը, «Օն Քլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոնն ու ՀՀԿ կանանց խորհուրդը կին ուսուցիչների համար անվճար բուժհետազոտության ակցիա են կազմակերպել:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այսօրվանից` հոկտեմբերի 3-ից, 20 օր շարունակ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների 200 ուսուցչուհիներ անվճար բուժզննում կանցնեն բժշկական կենտրոնի կանանց առողջության կաբինետներում:

«Դպրոցը նախեւառաջ ուսուցիչն է եւ, ըստ այդմ, նրանց առողջությունն առաջնահերթ է յուրաքանչյուրիս համար: Այսպիսով մենք նաեւ հերթական անգամ հավաստում ու փաստում ենք մեր վերաբերմունքը մատաղ սերնդի դաստիարակման գործի նվիրյալների հանդեպ, ինչը, վստահ եմ, անչափ կարեւոր է նրանց համար: Նմանատիպ ակցիաները կլինեն շարունակական»,- շեշտել է Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

Այս ակցիայի շրջանակում բուժհետազոտումը ներառում է թերապեւտի խորհրդատվություն, ուլտրաձայնային հետազոտում, ինչպես նաեւ որոշ լաբորատոր հոտազոտություններ:

Յուրաքանչյուր ուսուցչի տրվելու է բուժզննման տվյալներով Առողջության անհատական անձնագիր: