Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գիտության եւ կրթության ոլորտում համագործակցությունը բավականին հաջող է ընթանում։ Այս մասին «Գիտության, կրթության եւ արտադրության ինտեգրումը՝ տնտեսության արդիականացման շարժիչ ուժ» խորագրով հայ-ռուսական գիտակրթական համաժողովի ժամանակ ասաց ՌԴ նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։

«Ես ապրիլի վերջին Երեւանում էի։ Մենք մեծարեցինք Յուրի Հովհաննիսյանին, ով խորհրդանիշ է այն բանի, որ ռուս-հայկական կրթական համակարգը շատ բան է տալիս եւ նույնիսկ Մենդելեեւի աղյուսակի 118-րդ տարրը»,-նշեց նա։

Ըստ նրա՝ առանց արժեքների ոչ մի գիտելիք մարդուն մարդ չի դարձնում։

«Այս առումով մենք նույնպես ռուսական եւ հայկական մշակույթների փոխգործակցության հսկայական փորձ ունենք։ Պատահական չէ, որ այս համաժողովն սկսվում է այն օրը, երբ ավարտվում է Արամ Խաչատրյանի անվան մրցույթը, որն այս տարի դառնում է 120 տարեկան: Կարելի է բազմաթիվ անուններ բերել Ռուսաստանի եւ Հայաստանի մշակույթում, որոնք միավորում են մեզ։ Այս տարի Բրյուսովի հոբելյանն է, որը Մանդելշտամի նման զարմանալի կերպով թարգմանել է հայկական պոեզիան։ Վերջերս հիշում էի Հրանտ Մաթեւոսյանին՝ հայ մշակույթի հանճարին, որին շատ բարձր էին գնահատում նրա բոլոր ռուս ընթերցողները եւ ոչ միայն նրանք»,-նշեց Շվիդկոյը։   

Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանում շատ չեն հայաստանցի ուսանողները եւ հակառակը։ «Բայց այս ամենն ուղղելի է։ Այդ խնդիրը նույնպես կարելի է լուծել»,-եզրափակեց ՌԴ նախագահի ներկայացուցիչը։