Այն դեպքերը, երբ բանկերը քաղաքացիներից պահանջում են մարել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների հարազատների համար ձեւակերպված վարկերը, կդիտարկվեն ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Այս մասին  այսօր՝ հունիսի 15-ին, ԱԺ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Գալստյանի խոսքով՝ 2021-2022 թվականներին բանկերը դուրս են գրել ավելի քան 3 մլրդ դրամ (վարկեր), ընդ որում՝ ոչ թե ԿԲ պահանջով, այլ ինքնուրույն՝ բարոյական արժեքների ընդհանուր համակարգից ելնելով։ «Եթե նման դեպքեր դեռ տեղի են ունենում, հայտնեք դրանց մասին։ Մենք կքննարկենք եւ կլուծենք բոլոր հարցերը»,-վստահեցրեց Գալստյանը։