Անկարայում Շվեյցարիայի դեսպան Ժան-Դանիել Ռուհը հինգշաբթի կանչվել է Թուրքիայի ԱԳՆ հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ Ցյուրիխում տեղի ունեցած ակցիայի պատճառով։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է աղբյուրը թուրքական արտաքին քաղաքական գերատեսչությունում։
«Տեղեկություն ստանալուց հետո, որ հունիսի 14-ին Ցյուրիխում տեղի է ունեցել մեր նախագահի դեմ ուղղված միջադեպ՝ մակետի այրմամբ եւ պաստառի ցուցադրմամբ, Անկարայում Շվեյցարիայի դեսպան Ժան-Դանիել Ռուհը այսօր՝ հունիսի 15-ի առավոտյան հրավիրվել է մեր նախարարություն։ Ռուհին ասվել է, որ մեր նախագահի դեմ այդ հարձակումն անընդունելի է, եւ նման հարձակում չպետք է թույլատրվի»,- նշվել է գերատեսչության հայտարարությունում։
Թուրքիայի ԱԳՆ-ն պահանջել է «սկսել միջադեպի հետաքննություն, պարզել մեղավորներին եւ ձեռնարկել անհրաժեշտ միջոցները»։ ԱԳՆ-ում շվեյցարացի դեսպանին ընդունել է փոխնախարար, Եվրամիության գործերի վարչության ղեկավար Մեհմեթ Քեմալ Բոզայը։
Թուրքիան ուշադիր հետեւում է եվրոպական երկրներում ընթացող ակցիաներին, որոնք ուղղված են նրա իշխանությունների դեմ, ունեն հակաիսլամական հռետորաբանություն, կամ ցույցեր են, որոնք աջակցում են Անկարայում ահաբեկչական համարվող կազմակերպություններին։ Գրեթե ամեն անգամ նման միջադեպերն ավարտվում են դեսպանին ԱԳՆ կանչելով։





























