ԱԺ-ում 2022 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ելույթները լսելով ինձ զգում եմ հարստացած եւ լիցքավորված. Շատ հաճելի եւ օգտակար էր լսել այն գործիչների, պատգամավորների խոսքը, որոնք Հայաստանի քաղաքական, տնտեսական կյանքին մասնակցել են ՀՀ հիմնադրման առաջին օրից: Այս մասին, այսօր՝ հունիսի 15-ին, ԱԺ-ում 2022-ի բյուջեի կատարողականի քննարկման իր ամփոփիչ ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա այդ ցանկում թվարկեց Վիգեն Խաչատրյանին, Գուրգեն Արսենյանին, Հովիկ Աղազարյանին:
«Շատ ուշադիր լսել եմ նաեւ ընդդիմադիր պատգամավորներին, բոլոր ելույթները: Պետք է նաեւ ասեմ, որ տեղ-տեղ արձանագրում եմ, որ շատ բաների մասին մտածում ենք նույնությամբ, եւ այս ամենի արդյունքում պետք է անենք նաեւ որոշակի հետեւություններ: Որոշ ելույթների վերաբերյալ ունեմ կոնկրետ առաջարկություններ: Մասնավորապես, Շիրակ Թորոսյանը խոսում էր դեպի Բավրա տանող ճանապարհի մասին, պետք է ասեմ, որ կառավարության հաջորդ կամ մյուս նիստում ֆինանսավորման որոշումը կկայացվի, մրցույթում արդեն հաղթող ընկերություն ունենք շինարարությունը առաջիկա ամսում կսկսվի: Հույս ունենք, որ բավարար տեմպերով կլինի»,-ասաց Փաշինյանը:
Փաշինյանը հայտարարեց, որ 12 տոկոս տնտեսական աճը օդից չի ընկել. «Հայաստանում այսօր շինարարության բում է, այդ ո՞նց եղավ, դա կապված է կառավարության շատ կոնկրետ մի որոշման հետ: Երբ մենք որոշեցինք, որ հիփոթեքային վարկի դիմաց եկամտային հարկը շարունակելու ենք վերադարձնել, եւ 2025-ի հունվարի 1-ից հետո այդ համակարգը Երեւանում չի գործելու: Այն ներդրողները, որոնք գիտեին, որ Երեւանում կա բնակարանային հսկայական պահանջարկ, շտապեցին ներդրումներ անել, որովհետեւ 2022-ին 35 մլրդ դրամը չէր գնալու ներդրում այդ ծրագրին:
Հիմա հաջորդ քայլն ենք անում, մի անհանգստացեք, այդ շինարարական բումը դեռ երկար է շարունակվելու, որովհետեւ հաջորդ որոշումն ենք կայացնում. 2025-ին Երեւանից դուրս կգա, հաջորդ փուլով երեւի 2027-ի կամ 2028-ի հունվարի 1-ից այդ համակարգը կփակենք երեւանամերձ մարզերի համար: Դրանից հետո բաց կպահենք բոլոր մյուս մարզերի համար: Այսպիսիով այն կհասնի ամենահեռավոր բնակավայրերը: Մենք դրա արդյունքները տեսնում ենք, այսօր Կապանում նորակառույց շենքեր ունենք: Նաեւ պետական ծրագրերով ենք աջակցում: Նաեւ Մասիսում ունենք նորակառույց բնակարաններ»,-ասաց վարչապետը:
Նա նկատեց, որ այդ շինարարություններում օգտագործվում է տեխնիկա, որը 30 տարում Հայաստանում չի եղել. «Դա կառավարության կոնկրետ մի որոշման շնորհիվ է, որ մենք տնտնեսական արդիականացում ծրագրով բոլոր ընկերությունների կողմից, բոլոր տեխնիկաների համար վերցրած վարկերի տոկոսները սուբսիդավորում ենք, հիմնականում զրոյացնում ենք: Մենք պայման ենք դնում, որ տեխնիկան պետք է լինի լրիվ նոր»,-ընդգծեց Փաշինյանը:
Նա դրական համարեց, որ 2022-ին Հայաստանի բանկային համակարգը ռեկորդային շահույթ է ունեցել, ինչը եւս, ըստ Փաշինյանի կառավարության գործունեության արդյունքում է:




























