Ինչու եք դուք այդ սոցիոլոգիական հարցումները հիշատակում, որովհետեւ դրանք վկայում են, որ ձեր համակիրների միայն մի զգալի մասն է ձեզ վստահում: Այս մասին, այսօր՝ հունիսի 15-ին, ԱԺ-ում 2022-ի բյուջեի կատարողականի քննարկման իր ամփոփիչ ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ընդդիմությանը:

«Այնպես չէ, որ մենք այդ հարցումներից հետություններ չենք անում: Իմ հետեւությունը այդ հարցումներից այն է, որ պետք է ճանապարհ ցույց տալ ՀՀ քաղաքացիներին: Եթե կուզեք՝ նոր ճանապարհ է պետք ցույց տալ: Եվ մենք գնալու ենք այդ ճանապարհով, որովհետեւ մենք սիրում ենք մեր հայրենիքը:

Ասում եք՝  իրական մեղավորները լքելու են Հայաստանը: Համաձայն եմ, շատ իրական մեղավորներ լքել են եւ այսօր հետախուզման մեջ են: Այսօր էլ շատ մեղավորներ կան, ասում են՝ թողեք, մենք Հայաստանից գնանք, ուրիշ տեղ ապրենք: Չենք թողնում»,-ասաց նա:

Տեղից պատգամավորներից մեկը հարցրեց՝ դա ով է, ինչին վարչապետն արձագանքեց. «Որ ասեմ, կարող է դուք կորցնեք հավատը մարդկության նկատմամբ»:

Վարչապետն անդրադարձավ նաեւ Սփյուռքը ջարդելու, վարկաբեկելու մեղադրանքներին. «Կներեք, մեր կառավարությունը ավանդական երեք կուսակցություններից առնվազն երկուսի հետ ունի նորմալ աշխատանքային հարաբերություններ: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք ՌԱԿ-ի եւ ՍԴՀԿ-ի հետ: Ասում են՝ ի՞նչ ստացանք Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գործունեությունից: Ստացանք շատ կարեւոր մի բան, անցած տարի տեղի ունեցավ Համահայկական գագաթնաժողովը, որն աննախադեպ էր իր մասնակիցների կազմով, որովհետեւ Սփյուռքի բոլորովին նոր շերտեր եկան, այդ թվում ներուժը հայտնաբերվեց: Այնտեղ կան պատգամավորներ եւ այլն, եւ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընդդիմությունը հակառակորդի թեզերն է տարածում Հայաստանում. «Իրենք միլիարդներ պետք է ծախսեն, որ իրենց թեզերը տարածեն, այդ թվում Հայաստանում: Դուք վերցնում եք, բերում եք ամբիոններից ասում եք: հասկանալո՞վ եք դա անում, թե՞ ակամա: Ես խնդրում ու հորդորում եմ՝ մի արեք, բայց ոչ թե ինձ համար, այլ մեզ համար: Դուք դրանով շատ լուրջ թակարդներ եք լարում Հայաստանի ոտքերի տակ»: