Գենետիկներն ստացել են հիվանդությունների հանդեպ կայուն բրնձի տեսակ։ Այս մասին տեղեկացրել է Դեւիսի Կալիֆոռնիական համալսարանը։
Բրնձի ստացման աշխատանքներն սկսվել են մի քանի տարի առաջ, երբ Փամելա Ռոնալդը եւ նրա գործընկերները ստեղծեցին բրնձի 3 200 տարբեր տեսակներ, որոնցից յուրաքանչյուրն ուներ տարբեր մուտացիաներ։ Կենսաբան Գուոտյան Լին այդ տեսակներից առանձնացրել է մեկը մուգ բծերով։ Պարզվել է, որ այդ տեսակը կայուն է բակտերիալ վարակների նկատմամբ, բայց բույսերը շատ փոքր էին եւ քիչ արդյունավետ։
Հետազոտության հեղինակներն օգտագործել են CRISPR-Cas9 գենոմի խմբագրման համակարգը, որպեսզի պարզեն մուտացիայի հետ կապված գենը եւ վերստեղծեն կայունության այդ հատկանիշն ավելի արդյունավետ տեսակների համար։ Ի վերջո, գիտնականներին հաջողվել է ստանալ բրնձի գենետիկ գիծը, որը լավ բերք է տալիս եւ կայուն է երեք տարբեր պաթոգենների հանդեպ, ներառյալ սունկը։
Դաշտային փորձարկումներում բրնձի նոր տեսակները հինգ անգամ ավելի շատ բերք են տվել, քան համեմատվող տեսակը, որն ախտահարվել էր սնկով։
Հեղինակները հույս ունեն, որ իրենց ստացած տեսակը պահանջարկ կունենա ֆերմերների մոտ, որոնք ցանկանում են նվազագույնի հասցնել բերքի կորստի հավանականությունը։





























