Բիլ եւ Մելինդա Գեյթսերի հիմնադրամը հինգ տարվա ընթացքում 50 մլն դոլար կնվիրաբերի առողջապահության համար դեղամիջոցների մշակման Պեկինի Գլոբալ ինստիտուտին (GHDDI), հաղորդում է Xinhua-ն:

Այդ միջոցները կուղղվեն վարակիչ հիվանդությունների (ներառյալ տուբերկուլյոզի եւ մալարիայի) դեմ դեղամիջոցների մշակմանը, որոնցով վարակվում են ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներում բնակվող մարդիկ, ինչը կնպաստի գլոբալ առողջապահության իրավիճակի բարելավմանը, ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ:

GHDDI ոչ առեւտրային հետազոտական կազմակերպությունը համատեղ հիմնադրվել է 2016 թվականին Պեկինի կառավարության, Բիլ եւ Մելինդա Գեյթսերի հիմնադրամի եւ Ցինհուա համալսարանի (երկրի առաջատար համալսարաններից մեկը) կողմից:

Պեկինի իշխանությունները GHDDI-ին նույն չափով ֆինանսական աջակցություն կցուցաբերեն։

GHDDI-ի ղեկավար եւ Ցինհուա ահամալսարանի պրոֆեսոր Դին Շենն ասել է, որ GHDDI-ն ձգտում է լուծել գլոբալ առողջապահական խնդիրները՝ արագացնելով նոր դեղերի մշակումը։