Քեմբրիջի համալսարանի շրջանավարտների կեսից ավելին այս տարի բոյկոտի պատճառով վկայականներ չի ստանա, զգուշացրել է համալսարանը։

Դոկտոր Էնթոնի Ֆրիլինգը, որը կատարում է համալսարանի փոխկանցլերի պարտականությունները, ակադեմիկոսներին նամակ է ուղարկել՝ հազարավոր ուսանողներին առաջնահերթ ուշադրություն հատկացնելու խնդրանքով, որոնք կարող են աշխատանք եւ վիզաներ կորցնել, տեղեկացրել է The Telegraph-ը։

Համալսարանի գնահատականներով՝ բոյկոտը կանդրադառնա մոտ 4 500 ուսանողների ավելի քան կեսի վրա, որոնք պետք է ուսումն ավարտեին այս ամռանը։

Ակադեմիկոսները մասնակցում են ազգային բոյկոտին, որը գլխավորում է Համալսարանական քոլեջների արհմիությունը UCU), մարմին, որը մերժել է 5-8 տոկոսով աշխատավարձը բարձրացնելու առաջարկը։

Քեմբրիջի ուսանողներն ավելի շատ կտուժեն, քան մյուս 145 ուսումնական հաստատությունների ուսանողները, որոնցում կիրականացվեն ակցիաներ, քանի որ համալսարանի ղեկավարող մարմնի անդամները դեմ են քվեարկել որոշ ուսանողներին առանց աշխատանքի լիակատար գնահատականի ավարտելու թույլտվությանը։

Անգլերեն, աշխարհագրություն, պատմություն, հումանիտար սոցիալական եւ քաղաքական գիտություններ ուսումնասիրող բոլոր ուսանողները Քեմբրիջում մտնում են նրանց մեջ, ովքեր այս ամռանը վկայական չեն ստանա, եթե բոյկոտը շարունակվի։

Դոկտոր Ֆրիլինգը նախազգուշացրել է, որ 1 000 ասպիրանտների մոտ 90 տոկոսը, որոնք պետք է ավարտեն եկող ամիս, նույնպես կտուժեն։

Օտարերկրացի ուսանողները, որոնք հույս ունեին մնալ Մեծ Բրիտանիայում՝ ուսումն ավարտելուց հետո շրջանավարտի վիզա ստանալու համար, լրացուցիչ ծախսեր կունենան մոտ 1 000 ֆունտ սթեռլինգի չափով, որպեսզի մնան Մեծ Բրիտանիայում, եւ անորոշության մեջ կլինեն այն առումով, թե կստանան արդյոք ուսման արդյունքները ժամանակին, որպեսզի հնարավորություն ունենան աշխատանքի անցնելու, նախազգուշացրել է նա։

Համալսարանի գնահատականներով՝ մոտ 400  օտարերկրացի ուսանող վտանգում է կորցնել Մեծ Բրիտանիայում աշխատելու հնարավորությունը։