«Ուսուցչի օրվա» կապակցությամբ, այսօր` հոկտեմբերի 4-ին Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունում տեղի է ունեցել հանրապետության մի խումբ լավագույն մանկավարժների ընդունելություն եւ պարգեւատրում:
ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այդ առիթով նշել է. «Մեր կրթական համակարգի հաջողություններն արձանագրվում են ուսուցիչների անբասիր աշխատանքի շնորհիվ: Այդ աշխատանքի արդյունքն է, որ կրթության ոլորտին միջազգային չափանիշներով քիչ գումարներ հատկացնելով անգամ, ստանում ենք որակ: Ապացույ ցը մեր բազում աշակերտներն են, ովքեր ձեր աշխատանքի շնորհիվ հաջողություններ են արձանագրել ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ արտերկրում։
Շնորհավորում եմ բոլոր հայ մանկավարժներին, անկախ նրանից, թե նրանք հայ մանկավարժի առաքելությունը որտեղ են իրականացնում՝ Հայասատանում, Արցախում, Ջավախքում, թե Սփյուռքում: Համոզված եմ՝ հայ մանկավարժի կերպարն ընդհանրական է: Կերպար, որը տարբեր է արտաքնապես, բայց նույնն է բարությամբ եւ իմաստնությամբ շաղաղված մտածողությամբ: Մաղթում եմ ձեզ երկարամյա արգասաբեր գործունեություն: Թո՛ղ ձեր ընտանիքներում երջանկություն, սեր ու առողջություն լինի, որպեսզի դուք կարողանաք սեր սերմանել նաեւ այլ ընտանիքներում ապրող երեխաների մեջ»։
Նախարարն իր խոսքում անդրադարձել է կրթական բարեփոխումներին, շեշտելով, որ դրանք երբեք չեն ավարտվելու: Նպատակն, ըստ նախարար Ա. Աշոտյանի, համակարգի կատարելագործումն է: Առջեւում ուսուցիչների ատեստավորման գործընթացն է: Ուսուցիչների 20 տոկոսն այս տարի պարտադիր կերպով պետք է անցնի վերապատրաստում, հետո նաեւ ատեստավորում: Մոտ 8200 ուսուցիչների համար մրցութային կարգով ընտրված 16 կազմակերպությունների կողմից կկազամերպվեն վերապատրաստման դասընթացներ:
Միջոցառման ավարտին ԿԳ նախարարը պարգեւատրել է 2011 թվականի «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների անվանակարգերում հաղթողներին: Պատվոգրեր եւ պարգեւներ են հանձնվել նաեւ վերոնշյալ մրցույթին մասնակից մի խումբ ուսուցիչների եւ դաստիարակների՝ ՀՀ Կրթության եւ գիտության աշխատողների արհեստակցական միությունների ճյուղային հանրապետական միության կողմից:




























