Վրաստանը Ռուսաստանում առաջին տեղն է զբաղեցրել հանգիստ գինիների արտահանողների շարքում՝ առաջ անցնելով Իտալիայից։ 2023 թվականի հունվարից մինչեւ մայիս մատակարարումներն աճել են 63 տոկոսով։ Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով մաքսային տվյալները։

2023 թվականի հունվար-մայիս ամիսների արդյունքներով Վրաստանն առաջին տեղում է հայտնվել  Ռուսաստան հանգիստ գինիների մատակարարումներով՝ առաջ անցնելով Իտալիայից։ Այս ընթացքում Վրաստանից ներկրվել է 24,15 մլն լիտր հանգիստ գինի, իսկ Իտալիայից՝ 23,36 մլն լիտր։ Այսինքն՝ այս երկրներից ներմուծումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է համապատասխանաբար 63 եւ 31 տոկոսներով։

Շուկայի փորձագետները համակարծիք են, որ Վրաստանից գինու մատակարարումները սկսել են աճել դեռ անցյալ տարվա վերջին՝ վճարման եւ տեղափոխման հետ կապված խնդիրների բացակայության պատճառով։ Բացի այդ, վրացական գինիները գնի տեսանկյունից ավելի մատչելի են, եւ դրանց հիմնական բաժինը ներկայացված է ցածր եւ միջին գնային սեգմենտում։ Իտալիայից առաքումները բարդանում են վճարումների հետ կապված խնդիրների եւ փոխարժեքների փոփոխության պատճառով։