Սիրիայի հյուսիս-արեւելքում թուրքական անօդաչուի գրոհից զոհվել են քուրդ երկու պաշտոնյաներ եւ նրանց վարորդը, տեղեկացրել է The Associated Press-ը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։
Քրդական իշխանությունները Սիրիայի հյուսիս-արեւելքում հայտարարել են, որ երեքշաբթի Կամիշլի քաղաքից ոչ հեռու մեքենային հասցված հարվածից զոհվել են քաղաքային խորհրդի համանախագահ Յուսրու Դարվիշը եւ նրա տեղակալ Լիման Շվայշը, ինչպես նաեւ նրանց վարորդը։ Տեղի մի պաշտոնյա հարձակման հետեւանքով վիրավորվել է։
Այս հարձակումը վերջինն է թուրք զինվորականների հարվածների շարքում, որոնք արդեն մի քանի ամիս է՝ Սիրիայի հյուսիս-արեւելքում ուղղվում են քուրդ պաշտոնյաների եւ մարտիկների դեմ։ Թուրքիան հավաստիացնում է, որ սիրիական քրդական աշխարհազորը օրենքից դուրս հայտարարված քրդական խմբավորման (որն ապստամբական պայքար է մղում Թուրքիայի դեմ 1984 թվականից) հիմնական դաշնակիցն է։ Այս հակամարտությունը Քրդստանի Աշխատավորական կուսակցության հետ տասնյակ հազարավոր մարդկանց կյանք է խլել։
Գերատեսչության հայտարարությունում նշվել է, որ բոլոր չորսն էլ այցելել էին այն հաստատություններ, որոնք գտնվում են քրդերի գլխավորած Հյուսիսային եւ Արեւելյան Սիրիայի ինքնավար վարչակազմի տնօրինման ներքո, երբ Կամիշլիի շրջակայքում ենթարկվել են անօդաչուի գրոհին։





























