Ֆրանսիան խորը սուզման ապարատով նավ կուղարկի, որպեսզի մասնակցի փրկարարական գործողությանը, Տիտանիկի վթարի վայր տանող սուզանավի անհետացումից հետո, որում եղել են մեծահարուստ զբոսաշրջիկներ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Ֆրանսիայի կրթության նախարարությանը։
Atalante անունով նավը շահագործվում է Ifremer Research Institute-ի կողմից, որը գործում է նախարարության ղեկավարությամբ:
Ֆրանսիական կառավարության աղբյուրը հավելել է, որ նավի վրա գտնվողների թվում եղել է Ֆրանսիայի քաղաքացի:
Հունիսի 9-ին Բոստոնի առափնյա անվատանգությունը հայտարարեց, որ զբոսաշրջիկները, ովքեր ցանկանում էին սուզանավով տեսնել խորտակված մարդատար «Տիտանիկ» նավը, անհետացել են։
Ներկայումս Ատլանտյան օվկիանոսում որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում։ ԱՄՆ-ի առափնյա պահպանության հյուսիսարևելյան վարչակազմն իր Twitter-ում գրել է, որ Միացյալ Նահանգները և Կանադան սուզանավի որոնման համար երկու ինքնաթիռ են ուղարկել։
ԱՄՆ-ը C-130 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է հատկացրել, իսկ Կանադան՝ Boeing P-8 Poseidon հակասուզանավային պարեկային ինքնաթիռ։ Որոնողական աշխատանքներն անցկացվում են Քեյփ Քոդից մոտ 900 մղոն հեռավորության վրա՝ ԱՄՆ-ի Ատլանտյան օվկիանոսի ափին։ Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում է նաեւ կանադական Polar Prince հետազոտական նավը։
Բրիտանական «Տիտանիկ» շոգենավը խորտակվել է 1912 թվականի ապրիլին՝ իր առաջին նավարկության ժամանակ՝ բախվելով այսբերգին։ Նավի վրա եղել է ավելի քան 2000 մարդ, որոնցից շատերը մահացել են։




























