Գյումրիում, ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում, 445 հարկ վճարող անհատ ձեռնարկատեր դադարեցրել է իր գործունեությունը:Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է հատկապես այն անհատ ձեռնարկատերերի թիվը, ովքեր ժամանակավորապես իրենց պետական գրանցման վկայականը հանձնել են: ՊԵԿ հարկային տեսչություն Գյումրիի կառույցում համարում են են, որ նշված փաստը պայմանավորված է օբյեկտիվ գործոններով: Իսկ, թե ինչով է պայմանավորված տնտեսվարողների գործունեության դադարեցումը հարցին, ՊԵԿ Գյումրիի հարկային ծառայության պետի տեղակալ Աշոտ Ավագյանը, նշել է, թե այդ հարցը հարկային կառույցում չեն քննարկում:
«Այն տնտեսվարող սուբյեկտը, ով կթաքցնի իր իրական եկամուտները, նախ կտուգանվի, այնուհետեւ ընդհանրապես կդադարեցվի վերջինիս ձեռնարկատիրական գործունեությունը»,- ասել է նա:
Իսկ Գյումրիում հարկային կոշտ քաղաքականությունից շարունակում են դժգոհել հատկապես մանր առեւտրով զբաղվողները: Տոնավաճառի առեւտրականների հավաստմամբ, շրջայցերի թիվը վերջին շրջանում ավելացել է: Հարկային տեսչության աշխատակիցները գրեթե ամեն օր ստուգումներ են իրականացնում,եւ տուգանում աշխատողներին: Շատերին այլ ելք չի մնացել, քան փակել տաղավարն ու հեռանալ, մի քանիսն էլ դրանք վարձակալության են հանձնել:
Նշենք նաեւ, որ շուրջ 700 անհատ ձեռնարկատերի փաստաթղթեր, ովքեր 2008 թվականից չեն կատարել իրենց հարկային պարտավորությունները, Գյումրիի տարածքային հարկային տեսչությունն ուղարկել է պետական եկամուտների կոմիտե: Կառավարության համապատասխան որոշմամբ, այդ անհատ ձեռնարկատերերը, հնարավորություն կունենան պայմանագիր կնքել հարկային տեսչության հետ, իսկ հրաժարվելու կամ չներկայանալու դեպքում հարցը կկարգավորվի դատական կարգով:




























