Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հոկտեմբերի 4-ին, Էջմիածին քաղաքում մասնակցել է ՀՀ զինված ուժերի 16 սպաների համար նախատեսված բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությանը:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով նորակառույց շենքի բնակիչներին` Սեյրան Օհանյանը նշել է, որ զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովության հարցերը, այդ թվում` բնակարաններով ապահովումը պաշտպանության նախարարության կարեւորագույն խնդիրներից են եւ գտնվում են պետության ուշադրության կենտրոնում:

Նորակառույց շենքի բացումից հետո սպաներն իրենց բնակարաններում հյուրընկալել են պաշտպանության նախարարին:

Ծանոթանալով բնակարանային պայմաններին ու կատարված աշխատանքներին` Սեյրան Օհանյանը գոհունակությամբ արձանագրել է, որ սպաների համար նախատեսված բնակարանները կառուցված են շինարարական արդի չափանիշներով, ապահովված են անհրաժեշտ հարմարություններով եւ գույքով: