Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը մտադիր է առավելագույն ջանքեր գործադրել Եվրասիական միության նախագիծը կյանքի կոչելու ուղղությամբ: Այդ նպատակը կլինի Պուտինի առաջիկա վեց տարվա գործունեության առաջնահերթությունը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով, Եվրասիական միության համար առավել նախընտրելի նպատակային մոդել է Եվրամիությունը: Մոսկվան մտադիր է նաեւ ստեղծել Միության միասնական արժույթ:
Հիշեցնենք, որ նախօրեին Պուտինը հրապարակել է «Նոր ինտեգրացիոն նախագիծ Եվրասիայի համար. ապագա, որը ծնվում է այսօր» հոդվածը: Պուտինն առաջարկում է ԱՊՀ երկրների հետ համագործակցության նոր ճարտարապետություն:
Ռուսաստանի վարչապետը հոդվածում հիշեցրել է, որ Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանն առաջին փուլն արդեն անցել են: 2012թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում նաեւ Միացյալ տնտեսական տարածքի պայմանագիրը: Պուտինը նշել է, որ ՄՏՏ-ն առայժմ երեք պետությունների համար է, սակայն նախագիծը պատմական է նաեւ մյուս հետխորհրդային երկրների համար: Արդյունքում` բոլոր քաղաքացիները պետք է առանց սահմանափակումների կարողանան ընտրել ապրելու, կրթություն ստանալու եւ աշխատելու իրենց նախընտրած վայրը:
Մաքսային միությունն ու ՄՏՏ-ն դնում են Եվրասիական տնտեսական միության հիմքը: Միաժամանակ, կընթանա դրանց մասնակիցների ընդլայնում` Ղրղըզստանի եւ Տաջիկստանի հաշվին: Պուտինը չի ցանկանում սահմանափակվել այդ երկրներով:
Ռուսաստանի վարչապետը նաեւ շեշտել է, որ խոսքը ԽՍՀՄ-ի վերաստեղծման մասին չէ: Նաեւ պետք չէ հակադրել Եվրասիական միությունն ու ԱՊՀ-ն: Յուրաքանչյուրն ունի իր տեղն ու դերը: Եվրասիական միությունը բաց նախագիծ է: Յուրաքանչյուր երկիր կարող է միանալ դրան: Իսկ այն երկրները, որոնք նախընտրում են եվրոպական ինտեգրացիան եւս կարող են չհակադրվել Եվրասիական միությանը, քանի որ այն լինելու է ազատության, ժողովրդավարության եւ շուկայական օրենքների հիման վրա միավորված մեծ Եվրոպայի մի մասը:




























