Վերջին շրջանում Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ երկկողմ շփումների ակտիվացում է նկատվում, ինչին նպաստել են բարձր մակարդակով փոխայցելությունները, նաեւ Քուվեյթում Հայաստանի դեսպանատան բացումը: Այս մասին նշվել է այսօր` հոկտեմբերի 5-ին, Երեւանում հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստում:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը կայացել է այսօր` ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի եւ Քուվեյթի ֆինանսների նախարար Մուստաֆա Ջասեմ ալ Շամալիի համանախագահությամբ:

Նիստում քննարկվել են տնտեսական, առեւտրի, ներդրումների, գիտատեխնիկական, կրթական եւ մշակութային ոլորտներում համագործակցության ներկա վիճակը եւ զարգացման հեռանկարները, կարեւորվեց առեւտրատնտեսական հարաբերությունների խորացման եւ ընդլայնման անհրաժեշտությունը:

Նշվել է, որ առաջիկայում Հայաստանում Քուվեյթի դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը կարեւոր նշանակություն կունենա երկկողմ հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման համար:

Քննարկումների արդյունքում ստորագրվել է «Հայաստանի կառավարության եւ Քուվեյթի կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը, ինչպես նաեւ նիստի արձանագրությունը:

Նիստի արդյունքում որոշվել է, որ

-կկազմակերպվեն գործարարների փոխայցելություններ, համատեղ գործարար համաժողովներ եւ ցուցահանդեսներ

-ջանքեր կգործադրվեն ՀՀ գործարար ծրագրերում քուվեյթական կողմի հնարավոր մասնակցությունն ապահովելու համար

-կքննարկվեն ներդրումային ոլորտում համագործակցության  եւ փորձի փոխանակման հեռանկարները

- Հայաստանից Քուվեյթ գյուղատնտեսական ապրանքների արտահանման, մրցունակության հնարավորությունները գնահատելու եւ գործնական կապեր հաստատելու նպատակով հայկական կողմը փորձագետների պատվիրակություն կգործուղի Քուվեյթ

-կուսումնասիրվեն շինանյութերի արտադրության, դեղագործության եւ ոսկերչության ոլորտներում համագործակցության հնարավորությունները

-կուսումնասիրվեն տրանսպորտի, կապի, մաքսային ոլորտի, առողջապահության, մշակույթի, գիտության, կրթության, քաղաքաշինության, էներգետիկայի, բանկային համակարգի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, աշխատանքներ կտարվեն այդ եւ այլ ուղղություններով իրավապայմանագրային դաշտի ձեւավորման կամ ընդլայնման ուղղությամբ:

Որոշվեց նաեւ, որ Հայաստան-Քուվեյթ տնտեսական կապերը խթանելու եւ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով 2011թ. նոյեմբերին Զարգացման հայկական գործակալությունը Քուվեյթում կանցկացնի գործարար գովազդային քարոզարշավ, որի շրջանակում Քուվեյթի գործարարներին կներկայացվեն տնտեսության ճյուղերին վերաբերող ներդրումային ծրագրեր, հանդիպումներ կկայանան գյուղատնտեսության, սննդի վերամշակման, էներգետիկայի, դեղագործության եւ զբոսաշրջության ոլորտների մի շարք քուվեյթական ընկերությունների հետ: