Արաբական աշխարհի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը Հայաստանի կառավարության գերակայություններից է: Այս մասին այսօր` հոկտեմբերի 5-ին, հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` հայ-քուվեյթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի առաջին նիստի ժամանակ, որին մասնակցել է նաեւ եռօրյա պաշտոնական այցով Երեւան ժամանած Քուվեյթի Պետության ֆինանսների նախարար շեյխ Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալիի գլխավորած պատվիրակությունը:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տ. Սարգսյանն իր խոսում ասել է. «Տնտեսական համագործակցության առումով մենք ունենք մեծ չիրացված ներուժ: Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն ստիպում են ավելի մեծ ուշադրություն դարձնել տարածաշրջանում բարեկամ պետությունների հետ համագործակցության եւ հարաբերությունների զարգացմանը»։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ առեւտրատնտեսական կապերի սերտացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է եղել տնտեսության մի շարք ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարներին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել, մասնավորապես, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ճշգրիտ հաստոցաշինության, քիմիայի, տեքստիլ արդյունաբերության, դեղագործության, էներգետիկայի, ենթակառուցվածքների եւ ֆինանսական ոլորտներում գործակցության ծավալման, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ գործարար կապերի աշխուժացման համար բարենպաստ պայմանների ստեղծման վերաբերյալ։ Տնտեսական հարաբերությունների զարգացման առումով երկուստեք կարեւորվել է հայ-քուվեյթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը։
Շեյխ Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալին նշել է, որ իր երկիրը հետաքրքրված է Հայաստանում ներդրումներ կատարելու գործում եւ դրա համար անհրաժեշտություն կա ծանոթանալու մեր երկրի ներդրումային հնարավորություններին: Հարցի առնչությամբ, ՀՀ վարչապետը նշել է, որ համապատասխան հանձնարարականներ կտա` անհրաժեշտ տեղեկատվությունը քուվեյթական կողմին տրամադրելու եւ այդ հարցերը հայ-քուվեյթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքների օրակարգում ընդգրկելու վերաբերյալ:
Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալին շնորհակալություն է հայտնել վարչապետ Տիգրան Սարգսյանին ջերմ ընդունելության համար եւ փոխանցել Քուվեյթի Պետության վարչապետի ողջույնները։
ՀՀ վարչապետն իր հերթին ողջույններ է փոխանցել Քուվեյթի իր պաշտոնակցին եւ վերահաստատել Հայաստան այցի հրավերը։
Նշենք, որ Երեւանում այսօր կայացել է Հայ-քուվեյթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստը` ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի եւ Քուվեյթի Պետության ֆինանսների նախարար Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալիի համանախագահությամբ: Նիստի ընթացքում քննարկվել են տնտեսական, առեւտրի, ներդրումների, գիտատեխնիկական, կրթական եւ մշակութային ոլորտներում երկկողմ գործակցության ներկայիս ընթացքը եւ զարգացման հեռանկարները, կարեւորվել է առեւտրատնտեսական հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը: Քննարկումների արդյունքում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Քուվեյթի Պետության կառավարության միջեւ օդային հաղորդակցության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը:




























